Ինչո՞ւ է ստում Փաշինյանը 

Ինչո՞ւ է ստում Փաշինյանը 

Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի, WSJ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում։

Լրագրողի հարցին, թե այդ երթևեկությունը կառավարելու գործում Ռուսաստանի ԱԴԾ-ն պե՞տք է դերակատարում ունենա, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն կարող են այդ հարցը լուծել, վարչապետ Փաշինյանն արձագանքել է՝ արձանագրելով, որ որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն:

«Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն», - ընդգծել է նա:

Խիստ զարմանալի է, որ հեղինակավոր թերթին Փաշինյանը պարզապես ստում է:

Ցանկացած մարդ հենց հիմա կարող է համացանցում գտնել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու կարդալ դրա 9-րդ կետը: Դրանից հետո պարզ կդառնա, որ Ադրբեջան- Նախիջևան ենթադրյալ տրանսպորտային հաղորդակցությունը առանձնացված է մյուս կոմունիկացիաների համատեքստից՝ հենց միայն այն պատճառով, որ դրա նկատմամբ նախատեսվում է ռուսական վերահսկողություն:

Փաշինյանը դիմում է սովորական կեղծիքի, թերևս, այն պատճառով, որ չխոստովանի իր քաղաքականության ակնհայտ ֆիասկոն: Նա մի անբարոյական և քաղաքական հաշվարկից դուրս քաղաքականություն էր վարում, որը ենթադրում էր Արցախի «զոհաբերություն»՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետի չկատարման դիմաց:

Արցախը զոհաբերվեց, բայց, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցություններն ավելի թեժացան: Հիմա Փաշինյանը դիմում է նոր կեղծիքի՝ ժամանակ շահելու ակնկալիքով:

Վահրամ Բագրատյան