Որքա՞ն գումար և գույք է հայտարարագրել ՊԵԿ գլխավոր քարտուղարը

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն իր մասնագիտական «պիկին»` այս պահի դրությամբ, հասել է 2018 թվականին, իսկ աշխատանքային գործունեության սկիզբը դրվել է 1987-89թթ․-ին «Մատուռ» կոոպերատիվում, որտեղ նա, նախ, բանվոր է եղել, այնուհետև փոքր քայլերով հասել մինչև ֆինանսների նախարարություն։
MediaHub-ը ուսումնասիրեց Գևորգյանի՝ 2024 թվականի ունեցվածքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ հաշվետու տարում որպես անշարժ գույք նա հայտարարագրել է 2 բնակարան՝ մեկը բաժնային, մյուսը համատեղ սեփականության իրավունքով։
2024 թվականի ընթացքում ՊԵԿ գլխավոր քարտուղարը ձեռք է բերել ավտոկայանատեղի, որի արժեքը կազմել է 1 մլն 950 հազար դրամ, և բնակարան՝ 36 մլն 567 հազար դրամով (համատեղ սեփականության իրավունքով)։
Որպես տրանսպորտային միջոց Էդգար Գևորգյանը հայտարարագրել է 2014 թվականին թողարկված TOYOTA մակնիշի ավտոմեքենա։
Հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 29 մլն 464 հազար դրամ, տարվա ընթացքում հանձնված փոխառությունը՝ 5 մլն 984 հազար դրամ: Տարվա ընթացքում վերադարձված փոխառությունների գումարը կազմել է 35 մլն 449 հազար դրամ։
Բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում գերազանցել է 1 մլն 600 հազար դրամը, իսկ տարվա վերջում կազմել է 1 մլն, որպես կանխիկ դրամ Գևորգյանը հայտարարագրել է 60 հազար դոլար, որը հաշվետու տարվա վերջում աճել է մինչև 80 հազար դոլար։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 32 մլն 737 հազար դրամ, որի 18 մլն 414 հազար դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 221 հազար դրամ։
Էմմա Մեհրաբյան