Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են

Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ադրբեջանական Զինված ուժերը մայիսի 13–ին կրակ էին բացել Տավուշի ուղղությամբ, ինչպես MediaHub-ին ահազանգել էր Բերդի բնակիչը, կրակել էին Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի ուղղությամբ։

MediaHub-ը կապ հաստատեց տավուշցի Կարեն Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ իրավիճակ է մարզում կրակոցների ֆոնին։

«Երկու օր առաջ կրակել են Մովսեսի և այլ գյուղերի ուղղությամբ, այս պահին չեն կրակում: Թեև միշտ գիշերներն էին կրակում, սակայն, այն օրը ցերեկն էլ են կրակել, և 2020թ–ի պատերազմից հետո դա առաջին դեպքն էր, որ ցերեկը կրակել էին այդ տարածքների ուղղությամբ։ Պարբերաբար էլ կրակում են գիշերները»,– նշեց Ղազարյանը։

Տավուշցիներն այս իրավիճակով, ըստ Ղազարյանի, անհանգստացած են, ասում են, որ ադրբեջանցիներից ամեն ինչի էլ սպասում են:

MediaHub-ը կապ հաստատեց նաև Տավուշի սահամանմերձ Սարիգյուղի բնակչի հետ, ով նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական Զինված ուժերը պարբերաբար են կրակում, և երեկ էլ են լսել կրակոցներ։

«Մեկ շաբաթ առաջ այնքան ինտենսիվ են կրակել, որ մտածեցինք՝ թիրախը գյուղի հեռահաղորդակցության աշտարակն է։ Ադրբեջանը մեզ ահաբեկում է ամենօրյա կրակոցներով»,– նշեց Սարիգյուղի բնակիչը։

Ըստ մեր զրուցակցի՝ թշնամին վերջին մեկ ամսում ոչ միայն ակտիվ կրակում է Սյունիքի գյուղերի ուղղությամբ, այլ նաև Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ուղղություններով։

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն եղել, սակայն, գույքային վնաս է պատճառվել Սյունիքի մարզի գյուղերին, մասնավորապես, տանիքներ, խողովակներ են վնասվել և այլն։ 

Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է լարված մնալ, քանի դեռ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կրակում է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Չնայած այն բանի, որ հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, մինչև օրս ադրբեջանական կողմից չեն արձագանքել։

Մարիաննա Արամյան