Ադրբեջանական կրակոցների ապացույցը մեր վնասված տանիքներն են ու գյուղերից հեռացող ընտանիքները

Ադրբեջանական կրակոցների ապացույցը մեր վնասված տանիքներն են ու գյուղերից հեռացող ընտանիքները

«Որ ասեմ չեն կրակել, կհավատա՞ք։ Չկա մի օր, որ մեզ վախի մեջ չպահեն։ Նույնիսկ ժամերն են փոխել։ Երեկ գիշերը 10:20-ին սպասեցինք-սպասեցինք, չկրակեցին, մեկ էլ 11-ին սկսեցին։ Ճիշտն ասած՝ ընդմիջումներով են կրակել ու կարճ է տևել, բայց կրակել են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ համայնքի բնակիչը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Իրականությանը չի համապատասխանում»,- հերքել է մեր ռազմական գերատեսչությունը։

Խնածախում և սահմանամերձ մյուս բնակավայրերում վաղուց հարմարվել են ադրբեջանական կեղծ հաղորդագրություններին։

«Հրադադարի պահպանման ռեժիմն իրենք խախտում են  ամեն օր, հետո մեղադրում մեզ։ Բայց, մեզ համար ապացույցը մեր վնասված տանիքներն են, գյուղից հեռացող երիտասարդ ընտանիքները։ Մեզ համար արդեն սովորական ռեժիմ է դարձել, մեր գործերն էնպես ենք պլանավորում, որ երեկոյան ժամը 10-ին բոլորս տանը լինենք, դրանից հետո գյուղում ոչ մի շարժ չի լինում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ի տարբերություն Խնածախի՝ Խոզնավարում անցած գիշեր կրակոցները լսվել են խորքից։

«Միակ գիշերն էր, որ հանգիստ քնել ենք։ Երբ խորքում են կրակում՝ չենք լսում։ Բայց նախանցած գիշեր մոտ 15 րոպե անդադար կրակել են»,- MediaHub-ի հետ զրույցում հաստատեց խոզնավարցի մեր զրուցակիցը։ 

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կրակոցները պարբերական են դարձել նաև Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի դիրքերի, ինչպես նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։

Հունան Թադևոսյան