ՔՊ-ն կատարեց իր ընտրությունը․ որոշում կայացնողը ժողովուրդն է

ՔՊ-ն կատարեց իր ընտրությունը․ որոշում կայացնողը ժողովուրդն է

Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու և կանգնելու ժողովրդի կողքին: Սա ձեր վերջին շանսն է: Ուժային կառույցներին հորդորում ենք գործել օրենքի և Ձեր լիազորությունների սահմաններում․ երեկվա հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սա, թերևս, երեկվա հանրահավաքի ամենակարևոր ուղերձն էր, որը բազմաշերտ է ու ուղղված է այս իշխանության երկու հիմնական հենարաններին՝ ոստիկանությանն ու խորհրդարանական մեծամասնությանը։

Ոստիկանությունն իր ընտրությունը կատարել է այսօր առավոտյան՝ տոտալ բռնություններ կիրառելով ցուցարարների հանդեպ, ովքեր Երևանի տարբեր հատվածներում մոտ երեսուն փողոցներ էին փակել։ 200-300 ցուցարարներ են ձերբակալվել։ Ըստ ամենայնի, ոստիկանությունը, հատկապես Ներքին զորքերը դառանում են այս իշխանության պատժիչ գործիքները։ Սակայն խորհրդարանական մեծամասնությանն ուղղված Սաղաթելյանի ուղերձն ավելի կարևոր է։ Փողոցով իշխանության ձգտող ցանկացած քաղաքական ուժ փորձում է ազդել խորհրդարանական մեծամասնության կամ դրա առանձին անդամների վարքագծի վրա։ Առանց դրա՝ հնարավոր չէ հասնել լեգիտիմ իշխանափոխության։ Չմոռանանք, որ ինչ էլ լինի փողոցում, դրա քաղաքական կապիտալիզացիան ապահովում է ԱԺ-ն՝ քվեարկությամբ։

Այս համատեքստում՝ Սաղաթելյանը ՔՊ պատգամավորներին, ըստ էության, քաղաքական համագործակցության կոչ է արել՝ «կոնսենսուս՝ մինուս Փաշինյան» բանաձևով։ Արթուր Հովհաննիսյան, Արսեն Թորոսյան, Հասմիկ Հակոբյան, Արուսյակ Ջուլհակյան, Արփի Դավոյան, Վաղարշակ Հակոբյան, Վահագն Ալեքսանյան․ ահա՝ ՔՊ պատգամավորների ոչ ամբողջական ցանկը, որոնք անմիջապես, մեկ կենտրոնի հրահանգով, շտապեցին արձագանքել Իշխան Սաղաթելյանի ուղերձին։ ՔՊ պատգամավորների պատասխանների բովանդակությանը չենք անդրադառնա, սակայն նկատենք, որ դրանք ինդիկատորային են ու հուշում են, որ ընդդիմադիր շարժումը դեռևս հեղափոխական հանգրվանի չի հասել։ Մյուս կողմից, գնդակը ժողովրդի դաշտում է, որը պետք է ասի իր խոսքը, մանավանդ՝ իշխանության առաջին դեմքի ու պատգամավորների ցինիզմի համատեքստում։

Վահրամ Բագրատյան