Ընդդիմության նշաձողը

Ընդդիմության նշաձողը

 

Երեկ, մի քանի դրվագով ընդդիմադիրները հայտարարեցին, որ Հայաստանում իշխանության հարցը լուծվելու է մոտակա ժամանակները։ Իհարկե, նրանք կոնկրետ ամսաթիվ չեն նշել, սակայն այդ կոչերը հասարակությունը յուրովի է հասկացել՝ ակնկալելով, նաև որ մինչև մայիսի 10-ը Նիկոլ Փաշինյանի իշխանության հարցը հնարավոր է լուծվի։
Քաղաքականության մեջ, իհարկե, որևէ ժամկետ իմպերատիվ չէ, մանավանդ, որ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է հասարակության մասնակցությունից, ինչպես նաև այլ գորոծոններից՝ իշխանության վարքագիծ, արտաքին հանգամանքներ և այլն։

Բայց ընդդիմադիր հարթակն ուղերձ հղեց հասարակությանը, որ պայքարն անկասելի է ու նորանոր դրսևորումներ է ունենալու՝ բովանդակության ու աշխարհագրական տարածվածության առումով։ Անժամկետ գործընթացների պարագայում պետք չէ ակնկալել, որ հանրահավաքները միշտ նույն մարդաշատություն են ունենալու։ Գոյություն ունի քաղաքական գործընթացի դինամիկա, զարգացում, որը կարող է բերել մի հանգրվանի, երբ հանրահավաքն իր կարևորությամբ ստորադասվում է քաղաքական այլ ակցիաների։ Օրինակ, երեկ կաթվածահար էր եղել Երևանի կենտրոնը ու դա քաղաքական առումով՝ շատ ավելի կարևոր է, քան այն ելույթները, որ հնչում են հարթակից։ Առանց այն էլ՝ ամեն ինչ պարզ է ու հրապարակում հավաքված ժողովուրդն ավելի շատ սպասում է գործողությունների, ոչ թե Փաշինյանի ապիկար քաղաքականությունը բացահայտող նոր փաստերի։

Կամ երեկ տեղի ունեցավ շատ տպավորիչ մի երթ, որն ամբողջովին հիմնավորեց պայքարի զանգվածայնությունը ու իշխանության վախերը։ Պայքարի այս օրվա հիմնական խորհուրդն այն է լինելու, որ կաթվածահար են լինելու ոչ միայն մայրաքաղաք Երևանի, այլ նաև մարզերի ճանապարհները։ Կարևորը՝ ընդդիմադիր հարթակը սահմանել է պայքարի նշաձողը՝ նպատակի ու ժամկետների առումով։

Վահրամ Բագրատյան