Փաշինյանը դեռ մեղադրյալ չէ․ Հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքական որոշումը

Փաշինյանը դեռ մեղադրյալ չէ․ Հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքական որոշումը

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է:

«Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչեւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Խոսքը վերաբերում է պատերազմի արդյունքների մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը, ինչից հետևում է, որ փաստացի վարչապետը կարող էր կանխել պատերազմն ու զոհերը, սակայն դա չի արել։

Զոհերի ծնողներն արդարացիորեն պահանջում են, որպեսզի Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ունենա, ինչպես տեսնում ենք՝ նախաքննության մարմինը դեռ որոշում չի կայացնում։

Որպես կանոն, նման դեպքերում նախաքննության մարմինն առաջնորդվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական բաղադրիչով։ Քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, Հայաստանում չի գտնվի որևէ քննիչ, որը կհամարձակվի նրան մեղադրյալի կարգավիճակ տալ։ Ինչքան էլ Փաշինյանն ու նրա թիմը խոսեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, ակնհայտ է՝ ողջ իրավապահ համակարգը գտնվում է Փաշինյանի տոտալ վերահսկողության տակ ու կատարում է նրա հանձնարարությունները։

Սակայն ծնողների միջնորդությունն էական նշանակություն ունի․ ստեղծվում է իրավական բազա, որն իշխանափոխությունից հետո անխուսափելի է դարձնելու Փաշինյանի ու իշխանության մյուս առանցքային դեմքերի պատասխանատվությունն օրենքի առաջ։ Առանց քաղաքական ուղղորդման՝ օրենքի տառին համապատասխան։

Վահրամ Բագրատյան