Այսօրվանից՝ անհնազանդության բողոքի ակցիաներ․ հանրահավաքը կայացավ

Այսօրվանից՝ անհնազանդության բողոքի ակցիաներ․ հանրահավաքը կայացավ

Այն պահին, երբ այս հոդվածը թողարկվում է, մայրաքաղաք Երևանում մեկնարկում են անհնազանդության բողոքի ակցիաներ։

Այդ մասին հայտարարվել է երեկվա հանրահավաքում, որը տեղի է ունեցել Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում։ «Ուրեմն՝ էսօրվա և մեր վաղվա ծրագրերի մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, էսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ վաղը առավոտ ժամը 8։30-ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Ուրեմն՝ վաղը առավոտ 8։30-ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Սա իշխանազավթում չէ, սա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանությանը րոպե առաջ հեռացնել՝ հեռացնել հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի», - հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Այսպիսով՝ իշխանափոխության օրակարգն արձանագրված է ու դրան են միտված լինելու ընդդիմության առաջիկա օրերի բոլոր գործողությունները։

Ի դեպ, երեկվա հանրահավաքի ծրագրային մասի ներկայացումը վերապահված էր հենց Իշխան Սաղաթելյանին, որվ նաև կոչ արեց ՔՊ պատգամավորներին՝ ազատվել Նիկոլ Փաշինյանի ազդեցությունից ու միանալ շարժմանը։ «Տղերք, Նիկոլը փախչելու է, իր նավի մեջ այդքան անասուն չի տեղավորվի, որ հետը տանի. նախազգուշացնում եմ»,- ասել է Սաղաթելյանը։

Առաջիկա օրերին կերևա, թե ընդդիմադիր շարժումն ու գործընթացն ինչպիսի ազդեցություն կունենան իշխանության պատգամավորների վարքագծի վրա։

Հանրահավաքի մասնակիցների ու բովանդակության մասին՝ կարճ։

Հանրահավաքը ստացված կարելի է համարել․ դրան, ըստ իշխանության աղբյուրների, մասնակցել է 12-15000 մարդ, ընդդիմությունը նշում է, որ մասնակիցների թիվը եղել է 35000։

Երկու դեպքում էլ՝ հանրահավաքը կարելի է կայացած համարել։ Հարթակի քաղաքական բովանդակության մասին նույն պնդումն անել չենք կարող, ընդդիմությունը օրակարգ ձևակերպելու խնդիր ունի, որն հույս ունենանք՝ առաջիկա օրերի հարց է։

Վահրամ Բագրատյան