«Ժուչոկը»՝ պաշտոնից ազատման պատճառ

«Ժուչոկը»՝ պաշտոնից ազատման պատճառ

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Վերջինիս հայտարարությունից պարզ է դառնում, որ որոշումը պարտադրված է և Ավետիսյանը հեռանում է նեղացած.

«Ինչ եմ արել ոլորտի համար, թող գնահատականը տան մասնագետներն ու հանրությունը, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ՝ ինձանից հետո եկողները կանեն։ Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»,- մասնավորապես գրել է նա:

MediaHub-ը դեռ ամիսներ առաջ էր գրել նման զարգացման հավանականության մասին: Հիշեցնենք, սեպտեմբերին հայտնել էինք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր աշխատասենյակում «ժուչոկ» էր գտել, որից հետո ահազանգել է Ոստիկանություն։ Ըստ մեր աղբյուրների՝ «ժուչոկը» տևական ժամանակ եղել է նրա աշխատասենյակում և մինչև դրա բացահայտելն արդեն վերջինիս նկատմամբ վարույթ նախաձեռնելու համար «հարմար տեղեկություններ են պարզվել»։

MediaHub.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տեղեկությունը, Գեորգի Ավետիսյանն այն ժամանակ արձագանքել էր․ «Իմ աշխատասենյակից չեն գտել, մնացածը՝ ոստիկանության հետ, խնդրում եմ»։

Ըստ էության՝ չէր հերքել փաստը:

Ճշտող հարցին, թե կառույցում Ավետիսյանի անձի հետ կապված այլ վայրում է հայտնաբերվե՞լ, վերջինս պատասխանել էր՝ ոչ։ 

Հարցով դիմել էինք նաև Ոստիկանությունից, որտեղից ևս  ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էին մեր ունեցած տեղեկությունը: 

Սակայն ավելի ուշ MediaHub-ին տեղեկություններ հայտնի դարձան, որ իրականում «ժուչոկը» առիթ է դարձել մի շարք խախտումներ բացահայտելուն և հարցաքննվողներ են եղել, գործեր են հարուցվել։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը MediaHub-ին փոխանցեց, որ կառույցում նման գործ չկա։ 

Մեր  աղբյուրների փոխանցմամբ, Գեորգի Ավետիսյանը դեռ այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ իր դեմ քրեական գործ է նախապատրաստվում, ցանկացել էր հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի ընդունել: Ոչ թե այն պատճառով, որ Ավետիսյանն իր համար արժեքավոր կադր է, այլ որովհետև այլ թեկնածու այդ պաշտոնին այդ ժամանակ չի եղել:

Սակայն, ըստ էության, այս ամիսների ընթացքում թեկնածուի փնտրտուքը չի դադարել և կարող ենք ենթադրել, որ ավարտվել է: Գեորգի Ավետիսյանին էլ ասել են՝ ցտեսություն: Վերջինս իր գրառմամբ լրագրողներին խնդրել է իրենց չանհանգստացնել: Եվ ավելին, քան հայտարարության մեջ գրված է, այս պահին նրանից ստանալ մեզ չհաջողվեց:

Լիաննա Թորոսյան