Տպավորություն է՝ 1915 թ. գաղթն է, բայց այս անգամ մեքենաներով․ Էլինար Վարդանյանը՝ Սյունիքից
Հսկայական կիլոմետրերով մեքենաներ են ճանապարհին, մենք հնարավորինս մոտեցանք նաև Հակարի կամրջին, ադրբեջանական անցակետում էլ մեքենաների մեծ հերթ էր։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների մասին։
«Մարդիկ Արցախից դուրս են գալիս, որ Հայաստան հասնեն, տպավորություն է՝ 1915 թվականի գաղթն է, բայց այս անգամ մեքենաներով։ Ծանր է տեսարանը, արցախցիների հաշվառման հատվածում փորձում ենք խոսել նրանց հետ, շատ բարդ է խոսել վշտի և տագնապի մեջ գտնվող մարրդկանց հետ»,-ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ Կոռնիձորում են նաև միջազգային շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Սա իրականում կարևոր է, որ ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում 21-րդ դարում։ Այստեղից մենք կգնանք նաև Գորիս, որովհետև այնտեղ էլ կա կետ, որտեղ փորձում են տեղավորել մարդկանց, որոնք կեցության հնարավորություն չունեն։ Իսկապես, արցախցիները մեծ անորոշության մեջ են, սարսափելի է, որովհետև չեն էլ պատկերացնում, թե հաջորդ քայլն ինչ է լինելու: Այս պահին ցեղասպանությունից մազապուրծ եղած արցախցիներ են, որոնք հազիվ են իրենց կյանքը փրկել»,- հավելեց պատգամավորը։
Լիաննա Թորոսյան