Ալիևի չարագույժ հայտարարություններն ու պատերազմի վտանգը․ գնահատում է Կարեն Վրթանեսյանը

Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք թեզը չի գործում, և դա հայ ժողովուրդը շուտով սեփական մաշկի վրա կզգա։ Ադրբեջանի առաջնորդի յուրաքանչյուր հերթական հաղորդագրություն փաստացի ցույց է տալիս, որ թշնամի պետության նպատակները շատ հեռու՝ ընդհուպ մինչև Երևան հասնելուն են գնում։
Ալիևի հերթական չարագույժ հայտարարությունը եղավ երեկ՝ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում։
«Ցավոք, խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը վերցրել են Ադրբեջանից և այդպիսով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապը կտրվել է»,- ասել է թշնամի պետության առաջնորդը։
Նշենք, որ Արևմտյան Զանգեզուր ասելով՝ Ալիևը նկատի ունի ամբողջ Սյունիքը։ Արդյո՞ք այս հայտարարությունը պատերազմի նախերգանք է․ հարցի պատասխանը ստանալու համար MediaHub.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
«Այն, որ Ալիևի և Թուրքիայի կողմից կա սպառնալիք՝ թե՛ Սյունիքին, թե՛ ՀՀ այլ տարածքներին, փաստ է։ Բայց դեռ կան մարդիկ, որոնք ունեն մտայնություն, թե Արցախը տալուց հետո խաղաղություն կլինի։ Դա նույնն է, երբ 44-օրյա պատերազմից հետո ասում էին՝ կորուստները ծանր են, բայց վերջապես կլինի խաղաղություն։ Ամեն անգամ խոստանում են, բայց այդ խաղաղությունը չի գալիս։ Ամեն անգամ վախեցած մարդկանց նոր հեքիաթներ են պատմում»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այն կարգի է քանդել անվտանգության համակարգը, որ թշնամու համար ռազմական առումով շատ քիչ խոչընդոտ կա՝ նորանոր տարածքներ զավթելու։
«Դա կլինի շանտաժով ու խաբելով, թե ռազմական գործողություններով՝ Ադրբեջանը տվյալ պահին կորոշի։ Բայց այն, որ սա չի վերջացել, փաստ է։ Ավելին, Ալիևը վերջերս հայտարարեց, թե իբր ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, թե իբր իրեն ուրիշի հողեր պետք չեն, բայց ինքը սահմանները չնշեց։ Ինքը չի կարող չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, քանի որ դա տարբեր միջազգային կառույցների անդամակցելու պայման է։ Ալիևն ասում է՝ մեզ ուրիշի հող պետք չէ, բայց ինքը հայտարարել է նաև, որ Երևանը, Սյունիքն ու Սևանն իրենցն է։ Հիմա իրենք իրականացնում են արցախահայերի ցեղասպանություն, հաջորդ քայլը կարող է լինել հարձակումը Գեղարքունիքի կամ Սյունիքի վրա»,- նկատեց Վրթանեսյանը։
Ըստ ռազմական փորձագետի՝ Հայաստանի տարածքը վտանգված է, ու դա փաստ է։ Ու Ալիևը բացարձակ խաղաղության չի պատրաստվում։
«Ադրբեջանն անընդհատ զինվում է, Իսրայելից ու Թուրքիայից անընդհատ Բաքու զենքով բեռնված ինքնաթիռներ են գնում։ Այսինքն, թե՛ խոսքի մակարդակով, թե՛ զինվելու, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,- ամփոփեց խոսքը Կարեն Վրթանեսյանը։
Նարե Գնունի