Ամբողջ Արցախում և Դադիվանքում հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը․ Տեր Եսայի 

Ամբողջ Արցախում և Դադիվանքում հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը․ Տեր Եսայի 

Արցախը հայաթափվում է: Հազարավոր արցախցիներ մեկ օրում դարձան բռնի տեղահանված:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախում գտնվող հոգևորականներին, ինչպես նաև Դադիվանքի հոգևոր սպասավորներին. MediaHub-ը դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին: 

«Ամբողջ Արցախում մեր հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը։ Իրենց մնալը կախված կլինի հետագա զարգացումներից և իրավիճակից։ Քանի մեր ժողովուրդն այնտեղ է, հոգևորականները շարունակելու են իրենց ծառայությունը, շարունակելու են նաև Դադիվանքում»,- հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Հիշեցնենք, Արցախը արագ հայաթափվում է, Արցախի գերթե բոլոր շրջաններն արդեն իսկ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ են՝ Մարտակերտից, Մարտունուց մարդիկ տարհանվում են: Միակ բնակավայրը, որտեղ արցախցիներ ԴԵՌ կան, Ստեփանակերտն է: Դժվար է պատկերացնել հոգևորականների գործունեությունն այս պայմաններում: 

Հիշեցնենք նաև, 2020 թվականին ստորագրված եռակողմ համաձայնագրով Դադիվանքը ևս հանձնվեց Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ զրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և Դադիվանք գյուղում գտնվող Դադիվանքը վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո և այնտեղ կտեղակայվեն ռուս զինծառայողներ։ Ըստ պայմանավորվածության, Դադիվանքում հոգևոր ծառայություն են իրականացնելու Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները, իսկ հայ ուխտավորները ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարող են այցելել վանական համալիրը։ Մինչև 2021 թվականի մայիսը հայերը ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարողանում էին այցելել Դադիվանք, սակայն դրանից հետո ադրբեջանցիներն արգելել են այցելությունները։

Մարիաննա Արամյան