Նոր ձևաչափի անհրաժեշտություն

«...Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Նկատի առնելով նշվածը՝ այսօր` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է»,- սա հատված է Ազգային կոմիտեի երեկ հրապարակած հայտարարությունից:
Իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքը կարող է դատել, թե որքանով է համոզիչ կոմիտեի հիմնավորումը, բայց մեր կարծիքով՝ գործ ունենք հանրահավաքի հետաձգման քաղաքական պատճառների հետ:
Բանն այն է, որ Ազգային կոմիտեն իր գործունեության մի քանի օրերի ընթացքում հասցրեց կրկնել ՀՓՇ-ի ու «Դիմադրության» շարժման հարթակների բոլոր սխալները, որոնք, ի դեպ, հասցրել էին այդ շարժումների ֆիասկոյին:
Ազգային կոմիտեի կազմը քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի դրսևորում չէ, նրա օրակարգն ադեկվատ չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրողություններին, հարթակն այսպես էլ չներկայացրեց, թե ինչ պատկերացումներ ունի պոստնիկոլական Հայաստանի մասին: Էլ չենք խոսում պայքարի գործիքակազմի մասին, որն այնքան կանխատեսելի է, որ արագ չեզոքացվում է իշխանության և իրավապահ մարմինների կողմից:
Ազգային կոմիտեի ու հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց միջև գոյություն ունի խզում: Այսօր հասարակության մեծամասնությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին, բայց այդ փաստը կապիտալիզացնելու համար անհրաժեշտ է արդյունավետ քաղաքական հարթակ:
Ազգային կոմիտեի այսօրվա կազմն այդ հարթակը չէ:
Վահրամ Բագրատյան