Փաշինյանը չխախտեց ավանդույթը. Եռաբլուրը դավաճանվեց երկրորդ անգամ

Նիկոլ Փաշինյանն այսօր ևս չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
44-օրյա արյունալի պատերազմի տարելիցի կապակացությամբ նա մինչ այս պահը նաև հանդես չի եկել ուղերձով:
Միակ տարին, երբ Փաշինյանը հարգել է 44-օրյա պատերազմի զոհերին, 2021 թվականն է. խոսքը հենց սեպտեմբերի 27-ին պանթեոն այցելելու մասին է: Ըստ Կառավարության պաշտոնական կայքի, դա եղել է 2021 թվականին, երբ նա ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին:
Նույն տարում նա նաև նոյեմբերին այցելեց Եռաբլուր՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, նոյեմբերի 9-ին:
2022-ին նա չի այցելել՝ պատերազմի տարելիցի օրը:
Այս տարի Փաշինյանը Եռաբլուրում եղել է հունվարի 28-ին՝ Բանակի օրը: Ո՛չ սեպտեմբերի 21-ին, ո՛չ այսօր նա ոտք չի դրել Եռաբլուր (այս պահի դրությամբ), և խիստ կասկածում ենք, որ մինչև օրվա վերջ կայցելի:
Փոխարենը հայտարարություն կտարածի, բայց օրվա երկրորդ կեսին, այդ պրոտոկոլով ևս մեկ անգամ ի ցույց դնելով, որ Եռաբլուրն այլևս օրակարգում չէ, իսկ զոհված տղերքը երեք տարի անց ևս մեկ անգամ դավաճանվեցին՝ Արցախը հանձնվեց թշնամուն ու հիմա այնտեղ վխտում են նրանց կյանքը խլած յաշմաները: