Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացած հերթական նիստի ընթացքում հրաժարվել է իր փաստաբան Ավրամ Բերմանի ծառայություններից։ Այս մասին Վարդանյանը հայտարարել է փաստաբանի հետ առանձին հանդիպումից հետո։
«Վարդանյանն այդ քայլին է դիմել՝ հայտարարելով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատական պրոցեսի ընթացքից»,- հաղորդել է APA գործակալությունը։
Դատարանը Վարդանյանի միջնորդությունը բավարարել է։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, Mediahub-ի հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր ադրբեջանցի փաստաբանից՝ ի նշան իր դեմ շարունակվող կեղծ դատավարության։
Ըստ մեր զրուցակցի՝ ակնհայտ է, որ ադրբեջանցի որևէ փաստաբանի առկայությունը կամ բացակայությունը որևէ աղերս չունի այս դատավարության հետ, և որ Ռուբեն Վարդանյանը դատվում է բացառապես իր հայ լինելու համար։
«Ռուբեն Վարդանյանն այլ փաստաբան չունի։ Այս դեպքում Ադրբեջանը նշանակելու է հանրային պաշտպան»,- հավելեց Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ Ռուբեն Վարդանյանին Բաքվում կդատապարտեն, որում երկրորդ կարծիք լինել չի կարող։
