Դու մեղավոր չես, քեզ հետ խմողներն էին մեղավոր

Դու մեղավոր չես, քեզ հետ խմողներն էին մեղավոր

«Դու մեղավոր չես, քեզ հետ խմողներն էին մեղավոր». ամենաուշագրավ մեկնաբանությունը թերևս սա էր, որ հանդիպեցինք իրեն Նավակ ճոճող հռչակած Վիլեն Գաբրիելյանի՝ արդեն մանդատը դրած ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի այսօրվա գրառման տակ, որով ինքը բացատրում է, թե ինչու է ինքը մանդատը վայր դնում։

Նա ընդունում է, որ ընտրությունների օրը Գյումրիում խմել էր ու իրեն վատ պահել հասարակության մեջ և լրագրողների հանդեպ։ Բայց միայն նա չէր այդ օրը խմում, Վիլենի հետ միասին նաև ինչ-որ այլ ՔՊ-ականներ էլ էին խմում՝ մանր-մունր դեմքեր, ինչ-որ ջահելներ, որոնք արդեն ժամանակից շուտ խմիչքի շուրջ տոնում էին իրենց Սարիկի հաղթանակը։ Վիլենի մասին իրեն ճանաչողներն ասում են՝ «դոբռի ալկագոլիկ ա, էլի»:

Նրան առանձնապես լուրջ չեն վերաբերվում, որքան էլ որ ինքն իրեն ինչ-որ ճռճռան մականուններ է կպցրել՝ «Նավակ ճոճող», «Օմարի արծիվ», ինչ-որ խրոխտ գրառումներ է անում՝ ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներով, փորձում է սկզբունքայնություն դրսևորել՝ լինելով ՔՊ-ում և Փաշինյանի թիմակիցը, դրանով տպավորություն է փորձում թողնել մարդկանց վրա, բայց, մեծ հաշվով, իրենից շատ բան չի ներկայացնում՝ տղա է, էլի, իր համար, երբեմն ճիշտ բաներ է ասում, երբեմն էլ չի հասկանում՝ ինչ է խոսում։ 

Այսինքն՝ Վիլենի պահվածքի վրա պետք չէր զարմանալ, նա իր բնական վիճակում էր գտնվում։ Ի դեպ, ակնհայտ հարբած վիճակում նա երբեմն շատ ավելի ադեկվատ պատասխաններ էր տալիս՝ հայհոյանքները մի կողմ, քան շատ «օյաղ» ՔՊ-ականներ։ Այստեղ խնդիրը իր «ընկերների» պահվածքի մեջ է, որոնք Վիլենի հետ նստած խմում էին ու փոխանակ կանխեին Վիլենի հարբելն ու նրան տանեին տուն՝ լավ իմանալով, որ տարածքում բազմաթիվ լրագրողներ և իրենց վրա ատամ ունեցող ընդդիմադիրներ կան, նրա հետ նստած՝ զվարճանում էին ու ռեպլիկներ բաց թողնում անցնող դարձողի, այդ թվում՝ լրագրողների հետևից։ Բայց նրանք Վիլենի հետ հավասար խմում էին, հարբում ու ճոճվում։ Իսկ «ջառմեն», ինչպես ասում են, փորձում էին քաշել մյուս ՔՊ-ակաները՝ Հասմիկ Հակոբյանը, Վահե Ղալումյանը, Հովհաննես Հարությունյանը, Կարեն Սարուխանյանը և այլք։

Նախ նշենք, որ Վիլենը խմել սկսել էր դեռ մութը չընկած, և առաջինը մենք ենք նրան այդ վիճակում տեսել և հայտնվել նրա թիրախում։ Ժամը 18:00-ի կողմերն էր, որ որոշեցի սուրճ խմել Գյումրու հայտնի պոնչիկանոցում, և տեսա՝ Վիլենը մի քանի անհայտ ՔՊ-ականների հետ սրճարանի բացօթյա տարածքում նստած՝ խմում է։ Այդ ժամանակ արդեն քեֆը լավ-լավ էր։ Ես նրան որևէ բան չասացի, ոչ էլ նկարեցի սրճարանում նստած ու ժամանակ անցկացնող մարդկանց՝ իրենք ինձ հետաքրքիր չէին, ես ընդամենը մարդ էի սպասում այդ պահին, որ միասին մտնեինք սրճարան։ Այդ պահին լսեցի, որ Վիլենն ինչ-որ ռեպլիկ բաց թողեց իմ հասցեին․ մոտեցա, քաղաքավարի հարցրի, թե ի՞նչ էր ասում։

Նա իրեն շատ վատ պահեց, կոպիտ պատասխանեց ինձ, ինչին ես արձագանքեցի համարժեք, մի բան էլ՝ ավել, և նա լռեց։ Բայց միջամտեցին նրա հետ նստած այլ անձինք։ Նրանցից մեկն իրեն շատ ցինիկաբար էր պահում, մյուսը, որ ասաց՝ անունը Կարեն է, հետն էլ ինչ-որ «քրեական հեղինակություն է», և իրեն բոլորը «Քեռի» են ասում, ավելի ադեկվատ պահեց։

Հետո եկավ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, որը ինձ վաղուց է ճանաչում, բարևեց, մի երկու բառ փոխանակեցինք, գնաց նստեց տեղը, ու մի քանի րոպե անց՝ նա էլ սկսեց ինչ-որ ռեպլիկներ բաց թողնել իմ հասցեին։ Մոտեցա, որ հասկանամ՝ հիմա՞ ինչ են ուզում, Ավետն ու կողքի նստած երիտասարդն էլ, որ ասում էր՝ իբր իմ ֆանատն է, ինձ առաջարկեցին նստել, իրենց հետ վիսկի խմել, ջերմ շփվել և այլն։ Մի խոսքով՝ կոկոնները տաքացրել ու իրենց լավ էին զգում։ Բնականաբար մերժեցի, հեռացա։ 

Այս ամբողջ ընթացքը չեմ նկարահանել, չեմ ձայնագրել և, առհասարակ, այդ ամենին լրագրողական աչքով չեմ նայել, որովհետև տեսնում էի՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, հարբած մարդիկ են, և ինձ հետաքրքիր չէին։ Բայց մենք զգում էինք, որ սրանք հանգիստ չեն մնալու, ու եթե ինձ սադրում են, ապա մյուսներին էլ կսադրեն, և այնքան արեցին, որ ընկան լրագրողների ձեռքն ու խայտառակ եղան աշխարհով մեկ։ Սա թող իրենց դաս լինի, որ հասարակության մեջ ու հատկապես լրագրողների հանդեպ իրենց կարողանան ճիշտ պահել։ Այստեղ այլ խնդիր էլ կա․ ՔՊ-ականները լրագրողների շրջանում չունեն այն հեղինակությունն ու անունը, որ լրագրողները նրանց ավելի ներողամիտ ու «բարեկամական» աչքով նայեն։ Նրանք այնքան են իրենց լկտի ու անշնորհք պահել լրագրողների հանդեպ, որ լրագրողները լրիվ բարոյական իրավունք ունեն ցանկացած առիթ օգտագործել և վրեժ լուծել ՔՊ-ականներից, «փչացնել» նրանց, ցույց տալ նրանց իրական դեմքը։

Վիլենի հետ տեղի ունեցածը իր ու իր նման այլ ՔՊ-ականների՝ նախկինում ցուցաբերած լկտի, փողոցային պահվածքի հետևանք է։ Հուսանք՝ սա գոնե դաս կլինի մյուսների համար, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալեն Սիմոնյանի, Արթուր Հովհաննիսյանի և ոչ միայն։ 

Վահե Մակարյան