Հերթեր, ներվեր. Գյումրու մաքսակետում անվերջ հերթեր են, մաքսակետն էլ ղեկավար չունի

Հերթեր, ներվեր. Գյումրու մաքսակետում անվերջ հերթեր են, մաքսակետն էլ ղեկավար չունի

MediaHub-ը շարունակ ահազանգեր է ստանում, որ Հյուսիսային մաքսատանը (Գյումրի) ահռելի հերթեր են, մեքենաներն օրերով տեղից չեն շարժվում, մարդիկ օրերով ստիպված են դոփել նույն տեղում մեքենան մաքսազերծելու համար: Վարորդներից մի քանիսն էլ մեզ հետ զրույցում պնդեցին, որ կասկածում են՝ «կոռուպցիան է գլուխ բարձրացրել», ծանոթ-բարեկամով կամ փողով հերթն առաջ գցող ու անցնողներ կան, որն էլ ստիպում է, որ հերթը տեղից չշարժվի։ 

Օրեր առաջ Գյումրի կատարած այցի շրջանակներում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն եղել էր Հյուսիսային մաքսատանը, որտեղ էլ արտերկրից ներկրված մեծ քանակությամբ մեքենաներ են կայանված։ Բադասյանը ևս ֆիքսել էր դա ու հայտնել էր, որ գոյացած հերթերը պայմանավորված են մեքենաների ներմուծման մեծ թվով։ 

Նույն պատասխանը MediaHub-ի հետ զրույցում տվեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Դիտարկմանը, թե վարորդները նաև կոռուպցիոն ռիսկեր են նկատում, վերջինս արձագանքեց․ 

«Համապատասխան գրությամբ թող հանդես գան, բնականաբար բողոքին ընթացք կտանք»։ 

MediaHub-ը փրոձեց նաև մաքսատանը կատարվողի վերաբերյալ տեղեկությունները ճշտել Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանից։ Սակայն պարզվեց, որ մաքսատան հետ նա այլևս կապ չունի. վերջինս հայտնեց, որ մի քանի օր է՝ ինքը Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավարը չէ։ 

«Հիմա չգիտեմ, թե ով է պարտականությունները կատարում, ես ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա։

Նկատենք, որ ՊԵԿ նախագահ Բադասյանը Գյումրիի մաքսատուն էր այցելել մարտի 11-ին:

Հայկ Միրզոյանը պաշտոնից հեռացել է այդ այցից հետո: Նա չի հեռացվել, այլ տեղափոխվել է այլ մաքսատուն:

Ստացվում է՝ Գյումրու մաքսատունը փաստացի ղեկավար չունի, հերթերն էլ անվերջ են։ Թե ով է այս դեպքում պատասխանատու ստեղծված իրավիճակի համար՝ պարզ չէ։ Բայց տուժողն, ինչպես միշտ, քաղաքացին է:

Լիաննա Թորոսյան