Հում խոսակցություններ են․ Արցախցի պատգամավորը՝ Արթուր Դավթյանի նշանակման մասին

Հում խոսակցություններ են․ Արցախցի պատգամավորը՝ Արթուր Դավթյանի նշանակման մասին

Մենք էլ ենք Արթուր Դավթյանի՝ Արցախի գլխավոր դատախազ նշանակվելու մասին տեղեկություններին մամուլից ծանոթացել, այս պահին պարզապես հում խոսակցություններ են։ Եթե ԱԺ ներկայացվի նրան գլխավոր դատախազ նշանակելու հարցը՝ ինչ հարց ունեմ կտամ։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ MediaHub-ի տեղեկություններով ԱԺ պատգամավորներից շատերը դեմ են Դավթյանի թեկնածությանը։ 

«Դեռ այս պահին օրակարգում նման հարց չկա, որ պատգամավորները դեմ կամ կողմ լինեն։ Քննարկում չենք ունեցել այս մասին։ Երբ թեկնածությունը կդրվի, մնացյալ հարցերն էլ պատասխաններ կստանան։ Մամուլում շրջանառվող թեմաներ են, ռեալ հիմք այս պահին չունենք»,-ասաց նա։

Հարցին՝ եթե թեկնածուն հենց Դավթյանը լինի, ապա ինչ կարծիք ունեն նրա մասին Արցախում, վերջինս պատասխանեց․ 

«Որևէ գնահատական չեմ կարող տալ, երբ միջնորդություն ներկայացվի, երբ զրուցենք իր հետ, այդ ժամանակ էլ կարծիք կկազմենք։ Հիմա «Կիկոսի մահը» չէ, եթե բան չկա, ինչպես մեկնաբանենք, անորոշության վերաբերյալ կարծիք հայտնելը լուրջ չէ»։ 

Դիտարկմանը, թե տևական ժամանակ է, որ Արցախը գլխավոր դատախազ չունի, վերջինս պատասխանեց՝ օրենքը թույլ է տալիս դեռ։

«Գլխավոր դատախազի պարտականությունները կատարող անձը իրականոցնում է իր վրա դրված պարտականությունները, երբ տրամաբանորեն հասնենք գլխավոր դատախազի ընտրության փուլին՝ այդ ժամանակ էլ ամեն ինչ ավելի պարզ կլինի, թեկնածուին հարցադրումներն ավելի հստակ կլինեն։ Ես անկախ պատգամավոր եմ, այդ ժամանակ իմ տեսակետը կհայտնեմ, խմբակցություններն իրենց տեսակետները կհայտնեն, բոլորն էլ բնականաբար առանց կաշկանդվածության խոսելու են»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Հարկ է նշել, որ ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի՝ պետական նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազի պարտականությունները կատարում է գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը։

Լիաննա Թորոսյան