Արթուր Դավթյանի նշանակմանը արցախցի պատգամավորները դեմ են

Արթուր Դավթյանի նշանակմանը արցախցի պատգամավորները դեմ են

Տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են պտտվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաբանաբար Արցախում կնշանակվի ԱՀ գլխավոր դատախազ։ 
Վերջին տեղեկություններով էլ Դավթյանն արդեն Արցախում է։ 

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում կան խոսակցություններ, որ Դավթյանը, այո, Արցախ է մեկնում, ճանապարհին է։

«Խոսում են, որ Արթուր Դավթյանին՝ ԱՀ գլխավոր դատախազ նշանակելու միջնորդություն է ներկայացվելու ԱԺ-ին, բայց թե որքանով է սա հավանական, ոչ ոք այս պահին չի կարող ասել»,-փոխանցեց մեր աղբյուրը։

Նույն ժամանակ, ԱՀ Գլխավոր դատախազ նշանակվելը, այսպես ասած, այդքան էլ հեշտ չէ։

MediaHub-ի հետ զրույցում արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը փոխանցեց, որ Դատախազության մասին օրենքի 34-րդ հոդվածի 3-ը մասը նշում է, որ Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ 

«Այսինքն, որոշակի իրավական պահանջներ կան Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու մասով։ Հիմա մեզ հետաքրքիր է ԱՀ քաղաքացի հանդիսանալու իրավական հատկությունը։ Ես համարում եմ, որ տվյալ անձը, քանի որ ԱՀ քաղաքացիություն չունի, իրավունք չունի նշանակվել որպես ԱՀ Գլխավոր դատախազ։ Խելամիտ չէ նման միջնորդությամբ ԱԺ ներկայանալը, քանի որ արդեն իսկ հայտնի է խնդիր՝ տվյալ մարդու քաղաքացիության մասով»,-ասաց նա։ 

Նշենք, որ Արթուր Դավթյանը ՀՀ քաղաքացի է, ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Դավթյանը գրանցված է Շիրակի մարզի հայրենի գյուղում՝ Հոռոմում։ Բայց սա դեռ չի նշանակում, որ բացառվում է ԱՀ քաղաքացի դառնալը։ Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, որևէ ժամանակ չի պահանջվում, իսկ Արցախի Սահմանադրությունը սահմանում է, որ ազգությամբ հայերը ԱՀ քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով (հոդված 47)։

Այսինքն, այս դեպքում, որևէ բարդություն չի առաջանա, որպեսզի ՀՀ նախկին գլխավոր դատախազը Արցախում նշանակվի որպես գլխավոր դատախազ։ 

«Բայց իմ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավորներից շատերը դեմ են այդ թեկնածուին։ Հստակ պատճառները չգիտեմ, թե ինչու են դեմ, բայց պետք է նկատել, որ Դավթյանի նշանակումը և՛ դրական, և՛ բացասական նոտաներ ունի»,-ասաց մեր աղբյուրը։

Հարկ է նշել, որ ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի՝ պետական նախարար նշանակվելուց հետո Գլխավոր դատախազի պարտականությունները կատարում է գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը։

Լիաննա Թորոսյան