Ինչ ճակատագիր է սպասվում Արցախի պետգերատեսչությունների կայքերին

Ինչ ճակատագիր է սպասվում Արցախի պետգերատեսչությունների կայքերին

Արցախի, ըստ էության, հանձնումից հետո չեն գործում երկրի պաշտոնական կայքերը, օրինակ՝ նախագահի, Կառավարության և մի շարք  նախարարությունների կայքէջերը։

Կայքերը կվերագործարկվե՞ն, ի՞նչ է լինելու Արցախի Հանրապետության տարիների տեղեկատվության, արխիվի հետ. սա է հարցը:

MediaHub-ը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված կայքերի անջատումը, արդյոք դրանք վերականգնվելու են: Արցախցի մեդիափորձագետ Արթուր Բալասանյանը ներկայացրեց՝ այն կայքերի սերվերները, որոնք Արցախի Հանրապետության տարածքում են գտնվում, հնարավոր չէր տեղափոխել, բայց կարողացել են դուրս բերել կոշտ սկավառակները, բազան, արխիվը։

«Սա է պատճառը, որ կայքերը հիմա չեն գործում, այն կայքերը, որոնց սերվերները ես եմ սպասարկել, հասցրել եմ արխիվը դուրս բերել ու այլ վիրտուալ տարածք տեղափոխել»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ ժամկետներում է հնարավոր վերականգնել կայքերը, վերջինս պատասխանեց․

«Այն, որ հնարավոր է, դա հաստատ, բայց ժամկետը պայմանավորված է կայքի ղեկավարից, թե իրենք ինչ ռեսուրս կգործարկեն, դրանք կլինեն վճարային, տարածքի և այլ հարցերով»։

Սերվերների վերականգնման քաղաքական վտանգների մասին խոսելիս Բալասանյանը շեշտեց, որ Արցախի գերատեսչությունների կայքերի վերագործումն, իր կարծիքով, վտանգ չի առաջացնի, քանի որ Հայաստանում են արդեն։ 

«Եթե անվտանգությունն էլ բարձրացնեն, ոչ մի խնդիր էլ չի լինի»,- հավաստիացրեց նա:

Լիաննա Թորոսյան