Պայթյունից տուժած քանի՞ արցախցի է մահացել ՀՀ ԲԿ-ներում

Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը 183 է: Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը փոխանցեց, որ բուժում ստացող քաղաքացիներից 35-ի առողջական վիճակը ծանր է, 9-ինը` ծայրահեղ ծանր:
«Մինչ այս պահը (սկսած սեպտեմբերի 24-ից օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումից) գրանցվել է մահվան 38 դեպք: Մեծ մասը` այրվածքի հետևանք»,- ասաց նա։
Ծատրյանի փոխանցմամբ՝ 19 պացիենտ իրենց բուժումը ստանում է արտասահմանյան տարբեր կլինիկաներում:
«Վերջին շաբաթվա ընթացքում 70-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ: ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ծնվել է 72 երեխա, որից 37-ը Երևանում, 35-ը՝ մարզերում»,- ներկայացրեց Մարիամ Ծատրյանը։
Լիաննա Թորոսյան