Չավարտվող մղձավանջն ու հնգամյա Սաշկայի հեծանիվը

Չավարտվող մղձավանջն ու հնգամյա Սաշկայի հեծանիվը

Սեպտեմբերի 19-ից օր օրի ահագնացող իրադարձությունները և Արցախը կորցնելու փաստը կոտրեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, 2  երեխաների մայր Արևիկ Հարությունյանի լավատեսությունը։ 

Կենսուրախ կինը MediaHub-ի հետ զրույցում ասում է․ «Մեռնեյի՝ չլսեի երբևէ ամենակարճ ու ամենացավոտ լուրը․ հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։ Մի երկիր, որին նվիրվել է անմնացորդ, ապրել կյանքի լավագույն տարիները, լավ ու վատ օրեր տեսել, նրա լուսավոր գալիքի հավատով պայքարել, այսօր արդեն դադարում է գոյություն ունենալ։ 

Սեպտեմբերի 19-ին Արևիկը համալսարանում էր։ Սովորական «բլոկադային» օրից այս մեկը տարբերվում էր նրանով, որ ուսանողներից մեկի ծնունդն էր, պատրաստվել են։ Ուրախ տրամադրությունը, սակայն, ընդհատել է հրետակոծության  ձայները։ Ուսանողներին ապաստարան ուղեկցելուց հետո, այդպես կրակների տակ ոտքով հատել է 4 կմ, հասել դպրոց՝ կապի բացակայության պատճառով անհանգիստ էր երեխաների համար։ 

Հետզհետե իրադարձություններն Արցախում զարգանում էին ոչ մեր օգտին։ Արևիկը, ում ամուսինը փրկարար է, սեպտեմբերի 29-ին է հասել Հայաստան, իրեն անծանոթ, անչափ բարի Հովիկ անունով մի երիտասարդի հետ։ Ձեռնունայն է եկել, կարևորը երեխաների կյանքի փրկությունն էր։ 35 ժամ տևած անվերջանալի թվացող տանջալից ճանապարհն անցնում էր իր հայրական օջախի՝ Եղցահող գյուղի կողքով։ 

«Չկարողացա մտնել գոնե հրաժեշտ տալ մանկությանս անկյուններին, մոմ վառել գյուղի եկեղեցում։ Հիմա կարոտում եմ Արցախի հետ կապված ամեն ինչ։ Գիտե՞ք, երբ շրջափակման մեջ էինք, դժվար օրեր շատ ենք տեսել, բայց երբեք, ոչ մի վայրկյան չենք ընկրկել, որովհետև Արցախը հայ պահելու համար պատրաստ էինք ցանկացած զոհողության։ Հիմա արդեն ոչ թե հավատում եմ, որ վերադարձ լինելու է, այլ երազում եմ»։

Ամուսինը՝ Սուրենը, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար է, Արցախը վերջինը լքած խմբի անդամ։ Մեկ շաբաթ շարունակ ամուսնուց որևէ լուր չուներ, ադրբեջանցիները կտրել էին հեռահաղորդակցության բոլոր միջոցները։ Իսկ որդին՝ 5 տարեկան Ալեքսանդրը, հորից միայն Ստեփանակերտում մնացած իր հեծանիվն էր ուզում։ 

«Ես ուզում էի նորը գնել, բարի մարդիկ եկան, նոր հեծանիվ խոստացան, բայց Սաշկան հենց այն մեկն էր ուզում, որը թողել էինք Ստեփանակերտի մեր տանը։ Ի վերջո, երբ Սուրենից զանգ ստացա, միայն հեծանիվը խնդրեցի, որ բերի։ Դա մեր հայրենի քաղաքից բերված միակ հուշն էր, որ այդքան երջանկացրեց տղայիս»։ 

Արևիկը կորցրել է հավատը բոլորի հանդեպ, ասում է, երբ Ադրբեջանի նախագահն արդեն Ստեփանակերտում է, այլևս չի վստահում աշխարհի և ոչ մի խաղաղապահի ու խաղաղություն քարոզող միջազգային կազմակերպության։

Հունան Թադևոսյան