Նոր ընդդիմության անհրաժեշտություն 

Նոր ընդդիմության անհրաժեշտություն 

Վազգեն Մանուկյանի համակարգմամբ «Ազգային կոմիտեն» քննարկում է վերակազմակերպման ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանման հնարավորությունները։

Ընդդիմությունն, անշուշտ, վերակազմակերպման անհրաժեշտություն ունի, մանավանդ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ամենասուր քննադատների համար էլ ակնհայտ է՝ անգամ վերջին հանրահավաքների ժամանակ հարթակը հետևություններ չի արել ձախողված նախորդ երկու փորձերից:

Բայց արդյո՞ք խնդիրը միայն հարթակում կանգնած մարդիկ են կամ այն, որ «Ազգային կոմիտեն» սահմանափակ կազմ ունի:

Ե՛վ՝ այո, ե՛վ՝ ոչ: Մարդկանց գործոնը շատ կարևոր է, որովհետև եթե ժողովուրդը չհավատա հարթակին, ապա քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա տեղի չի ունենա:

Մյուս կողմից, շատ ավելի կարևոր է քաղաքական օրակարգը, նոր բովանդակությունը:

Ընդդիմությունը պատերազմից հետո երկու անգամ ձախողվել է, որովհետև հղում է արել անցյալին՝ առանց այլընտրանքային ծրագրեր առաջարկելու:

Իրավիճակն ավելի արմատական փոփոխության է ենթարկվել սեպտեմբերի 19-ից հետո:

Արցախի ոչնչացումից հետո խորքային փոփոխություններն անխուսափելի են նաև Հայաստանի քաղաքական դաշտում: Հարթակի ընդդիմությունը դեռ չի գիտակցել, որ չի հաջողելու, քանի դեռ առաջ չի քաշել ազգային նոր նախագիծ, որն ունակ կլինի կոնսոլիդացնել հասարակությանը: Հին նախագիծը, որի «աղն» Արցախի միավորման\ անկախության թեզն էր, այլևս չի աշխատում:

Նոր Հանրապետության համար իշխանությունը կոնցեպցիա չունի, բայց ինքնապահպանվելու է, քանի դեռ նոր բովանդակությամբ ընդդիմություն չի ձևավորվել:

Վահրամ Բագրատյան