Արցախցի ուսանողները՝ խտրականության զոհ 

Արցախցի ուսանողները՝ խտրականության զոհ 

Իրենց հայրենիքից արցախցիների բռնի տեղահանումից հետո ՀՀ Կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկեց՝ հաջակցություն ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների։ 

Արցախցի ուսանողների համար, օրինակ, ծրագիր է իրականացվում, համաձայն որի՝ պետությունն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցելու է ուսման վարձերը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանողի, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում` 2 524 ուսանողի։ Նախագիծը, թեև առաջին հայացքից խնդրահարույց չէ, բայց և այնպես, խնդիր է առաջացրել մասնավոր բուհերում ուսումը շարունակել ցանկացող ուսանողների համար։ 

Այսպես, MediaHub-ն ահազանգ է ստացել ուսանողներից, որոնք Հայաստանի մասնավոր բուհերում են ուսումը շարունակելու։ 

«Մենք տեղեկացել ենք, որ մեր ուսման վճարները չեն փոխանցվելու, քանի որ ծրագիրը պետական բուհերի համար է միայն։ Հիմա մենք չգիտենք՝ ինչ ենք անելու։ Այդ վարձի հույսով էինք եկել, բայց պարզվում է, որևէ փոխանցում չի լինելու։ Դեկանատներից ասում են, որ որևէ գրություն չեն ստացել այն մասին, թե պետությունը ուսման վարձերը փոխանցելու է»,- ասաց մեր զրուցակիցը։ 

ԿԳՄՍ նախարարությունից ասացին, որ որոշումը միայն պետական բուհերին է վերաբերում, թե ինչո՞ւ, պատասխանը հստակ է՝ այդպես է որոշվել։

«Մասնավոր բուհեր գնացած ուսանողները կա՛մ իրենց գրպանից պետք է վճարեն, կա՛մ՝ փաստաթղթերը տեղափոխեն պետական բուհեր։ Այս պահին այդպիսինն է որոշումը, հնարավոր է քննարկումներ լինեն ու այլ որոշում էլ ունենանք մասնավոր բուհերի համար»,- նշեցին ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից։ 

Նշենք, որ մեզ տեղեկացրին, որ առկախված է նաև այն ուսանողների հարցը, որոնք ՀՀ բուհերում էին սովորում առաջին կուրսից, նրանց ուսման վարձը փոխանցելու հարցն էլ դեռ լուծված չէ։ 

Նարե Գնունի