Շրջադարձային օր․ անհնազանդության ակցիաներ

Շրջադարձային օր․ անհնազանդության ակցիաներ

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերների ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս»։

Քաղաքացիական անհնազանդության ակցիաներն առավոտվանից մեկնարկել են ու, թերևս՝ օրվա ավարտին հնարավորություն կլինի դատողություն անել, թե ինչքանով արդարացան ընդդիմության ու իշխանությունից դժգոհ հանրային խմբերի ակնկալիքները։

Իսկ ո՞րն է գլխավոր ակնկալիքը։

Ընդդիմությունը ձգտում է իշխանափոխության՝ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վտանգավոր քաղաքականությունը կասեցնելու նպատակով։

Այդ խնդիրը լուծելու համար՝ ընդդիմության համար հույժ անհրաժեշտ է փողոցում հավաքել այնքան մարդ, որպեսզի իշխանության ռեսուրսները փոշիացվեն։ Եթե փողոցում մարդկանց թիվը շատ լինի, ոստիկանությունն այլևս բիրտ ուժ կիրառել չի կարող, իշխանությունն ի վիճակի չի լինի վարչական ռեսուրսով ահաբեկել հազարավոր մարդկանց, ովքեր սրտով Ֆրանսիայի հրապարակում են, բայց հարկադրանքի ուժով չեն կարողանում միանալ ընդդիմադիր գործընթացին։

Այլ խոսքով, ընդդիմությանը պետք է հաջողվի հասնել իրական երկիշխանության, երբ ֆորմալ իշխանությունն այլևս չի տիրապետում իրավիճակին, իսկ օրակարգ թելադրողը ընդդիմադիր հարթակն է։

Այսօր հենց այս խնդիրը պետք է լուծի ընդդիմությունը։

Վահրամ Բագրատյան