Հայաստանի դիվանագիտության ողբերգական վիճակը

Հայաստանի դիվանագիտության ողբերգական վիճակը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, ուրբաթ օրը, «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ՀՀ-ի կողմից ներկայացված կետերը։

Այս բացահայտումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պաշտոնական Բաքուն, ըստ էության, գաղտնազերծել էր հայկական առաջարկությունները։

Սակայն Փաշինյանի թիմը սպասված արդյունքը չունեցավ։

Հայաստանի ընդդիմությանը չբավարարեցին պաշտոնական Երևանի պարզաբանումները, իսկ Ադրբեջանը՝ ԱԳ նախարարի մակարդակով, հեգնեց Հայաստանի իշխանության առաջարկությունները։

Ի՞նչ է ասված հայկական առաջարկներում։

Առաջին կետում նշված է՝ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ, հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը, հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները (ռազմագերիների վերադարձ, կոմունիկացիաների բացում), հայկական կողմը  պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Համեմատեք` խաղաղության պայմանագրի հարցում Բաքվի ներկայացրած փաստաթղթի ու Երեւանի պատասխան փաստաթղթի որակները։ Տխուր պատկեր կստացվի։ 

Ադրբեջանցիները բավականին պրոֆեսիոնալ փաստաթուղթ են կազմել, մերոնց կազմածը նույնիսկ Բայրամովը հեգնեց։

Նման փնթի ու դիլետանտ դիվանագիտությամբ հաջողելու որևէ շանս չկա։

Վահրամ Բագրատյան