Պայքարի նոր փուլ․ կուլմինացիան մո՞տ է

Պայքարի նոր փուլ․ կուլմինացիան մո՞տ է

 Սա պայքար չէ իշխանության համար, սա ամենևին նախընտրական պայքար չէ, սա պայքար է հանուն երկրի, որի վիճակն օրհասական է, երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Վերջինս կոչ է ուղղել օլիգարխներին.

«Ես հատուկ զգուշացնում են Նիկոլին սպասարկող և նրա իշխանության հենարան հանդիսացող օլիգարխներին, ուշքի եկեք, դուք դեռ ուղղվելու շանս ունեք, միացեք ժողովրդին և ժողովրդի պայքարին»:

վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, մեկնարկել են ավտոերթերը։ Իսկ մայիսի 17-ի առավոտյան ժամը 8-ին ամբողջ մայրաքաղաքում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ։ Ձևավորվելու են 80-100 խումբ, որոնք դուրս են գալու փողոց ու կասեցնեն ամբողջ քաղաքի երթևեկությունը։ Այսպիսով՝ երեքշաբթին արձանագրված է ընդդիմադիր պայքարի կուլմինացիայի նոր օր։

Ընդդիմության խնդիրն է՝ հասնել իշխանության ռեսուրսների փոշիացմանը ու իրական երկիշխանության հաստատմանը։ Առանց այս նախապայմանների կատարման՝ հնարավոր չէ հասնել իշխանափոխության։ Մի կողմից, առայժմ իշխանության բուրգում ճաքեր չկան, միասնական է մնացել ՔՊ խմբակցությունը, մյուս կողմից՝ փողոցի, հասարակության ճնշումը մեծանում է, ինչի ապացույցն են երեկվա հանրահավաքի մարդաշատությունն ու էներգետիկան։ Այս երկու իրարամերժ միտումները առաջիկա օրերին բախվելու են, բերելու են մի նոր հանգրվանի, ստատուս- քվոյի։

Կանխատեսումներ անելն, իհարկե, բարդ ու անշնորհակալ գործ է, մանավանդ, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդում են բազմաշերտ գործոններ, այդ թվում՝ արտաքին։ Մի բան հստակ է՝ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծումը միայն կարող է որոշակի հանդարտություն բերել երկրին՝ չվտանգելով նրա անվտանգային միջավայրը։

Վահրամ Բագրատյան