Փաշինյանն՝ ընդդեմ Փաշինյանի․ Վանաձորի քրեականացումը

Փաշինյանն՝ ընդդեմ Փաշինյանի․ Վանաձորի քրեականացումը

Երեկ վարչապետ Փաշինյանը որոշել է Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակել Արկադի Փելեշյանին, որ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։

Վարչապետի միանձնյա որոշմամբ քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակված Փելեշյանը հանրությանը հայտնի է Վանաձորի տարբեր հատվածներում ծավալած բիզնեսներով ու քրեական անցյալով։

«Ակա» մականունով Արկադի Փելեշյանը, ըստ Դատական տեղեկատվական համակարգի, դեռ 14 տարի առաջ դատապարտվել է խուլիգանության համար։ 2016-ին էլ հոգևորականի էր ծեծել ՝ ընտրություններում իրեն չաջակցելու համար. այս գործը դատարան չհասավ՝ կողմերը հաշտվեցին։

Այս նշանակումն ուշագրավ է մի քանի հանգամանքներով։

Նախ, Փաշինյանն ակնհայտորեն անտեսում է Վանաձորի դեկտեմբերի 5-ի ընտրությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրային համակրությունների ակնհայտ առաջատարը Մամիկոն Ասլանյանն ու նրա դաշինքն էին։ Մամիկոնյանը շինծու մեղադրանքով բանտում է, իսկ Փաշինյանը կատարում է կամայական նշանակում։
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ օրենսդրական վերջին փոփոխություններով ու Փաշինյանի նշանակումներով ՏԻՄ համակարգը կորցնում է իր ինքնավարությունը ու վերածվում է գործադիր իշխանության կցորդի։ Ու սա տեղի է ունենում մի երկրում, որի վարչապետը սիրում է խոսել այն մասին, թե Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։

Մյուս ակնհայտ փաստը՝ Ակայի նշանակմամբ Վանաձորը քրեականացվում է։

Էլ չեմ խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հակադրվում է իր հրապարակային հայտարարություններին։ 2019թ-ին նա ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»:

Այսքանից հետո մնում է, որ Փաշինյանն իրեն «պառկցնի ասֆալտին և պատերով տա»:

Վահրամ Բագրատյան