Ծնողների պահանջը՝ կալանավորված Փաշինյան

Ծնողների պահանջը՝ կալանավորված Փաշինյան

«Այսօր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է, և դատախազը վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվի և որպես մեղադրյալ ներգրավի:

Ապրիլի 13-ի ԱԺ ելույթում Փաշինյանն ասել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

Հենց այս խոսքերի համար մարդիկ չեն կարողանում ներել Փաշինյանին վստահ լինելով, որ նա հնարավորություն ունեցել է, սակայն չի կանխել հազարավոր երիտասարդների մահերը։

Բայց ինչքան էլ լեգիտիմ լինի ծնողների պահանջը, փաստ է, որ Փաշինյանը հարցաքննվելու է ընդամենը վկայի կարգավիճակով։

Ընդ որում, վստահ ենք, որ հարցաքննությունը ձեւական բնույթ է կրելու ու պայմանավորված է վերջին օրերի ներքաղաքական ցնցումներով։ Եթե Փաշինյանին հաջողվի պահպանել իշխանությունը, այս հարցաքննությունն օգտագործվելու է PR-ի նպատակներով, թե իբրև այսօրվա Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առջև։

Իհարկե, կասկածից վեր է, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները ուսումնասիրվելու են ու դրանց քաղաքական ու իրավական գնահատականներ տրվելու են միայն իշխանափոխությունից հետո։ Այս պարզ ճշմարտությունը գիտակցել են նաև պատերազմում զոհված տղաների հարազատները, ովքեր իրենց բացառապես իրավական պահանջը դիտարկում են ընդդիմության քաղաքական օրակարգի համատեքստում։

Կարծում ենք ամեն դեպքում, դրական է, որ իրավական գործընթացի մեկնարկը տրված է հիմա։ Ինչքան էլ նախաքննության մարմինը փորձի քողարկել Փաշինյանի պատասխանատվությունը, միեւնույն է իրավական այս գործընթացը քաղաքական խիստ անցանկալի հետեւանքների է հարուցելու փաստացի վարչապետի համար։

Վահրամ Բագրատյան