Որ կետի՞ն է ասել համաժողովրդական շարժումը

Որ կետի՞ն է ասել համաժողովրդական շարժումը

Ֆրանսիայի հրապարակում օրեր շարունակ հավաքվող հազարավոր մեր հայրենակիցներ ամեն օր ընդդիմությունից պահանջում են վճռական գործողություններ։

Իհարկե, «վճռական գործողություններ» ասվածը հարաբերական կատեգորիա է։ Օրինակ, մենք կարծում ենք ընդդիմության գործողություններն, առանց այն էլ, վճռական են, որովհետև ազգային ու ներքաղաքական հարցերում հարթակի որևէ գործիչ կոմպրոմիսի գնալու, իշխանության հետ երկխոսելու ազդակ չի տվել։

Բայց վճռականության մասին հանրային պատկերացումները մի փոքր այլ են. մարդիկ հաճախ դրա տակ հասկանում են կառավարական շենքերի գրավումը ու այդ հիմքով իշխանություններին հրաժարական պարտադրելը։ Ընդ որում, նման առաջարկություն հնչեցնողները չեն գիտակցում, որ իրենց պատկերացրած սցենարն իրականում կարող է փակուղային լինել շարժման, նրա ընթացքի համար։

«Հայրենիք» կուսակցության և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով՝ շատերի կողմից պահանջվող գործողությունները կարող են բերել շարժման մարմանը։ «Օրինակ, եթե մենք գնանք ու գրավենք, ենթադրենք, Կառավարության կամ Ազգային ժողովի շենքը, ի՞նչ է դա մեզ տալու։ Եկեք տրամաբանենք: Դա իշխանություններին հնարավորություն է տալու ձերբակալել շարժման առաջնորդներին, ձերբակալել բազմաթիվ քաղաքացիների և շարժումը կասեցնել, մարել։ Մենք իրավունք չունենք թույլ տալ նման գործողություններ»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը միանգամայն ճիշտ է, ընդ որում ամենեւին էլ պետք չէ հիասթափվել այն փաստից, որ, օրինակ, երեկ ընդդիմության հանրահավաքի մասնակիցների թիվը մի փոքր քիչ էր։

Շարժումը տարբեր փուլեր է ունենում, որի մեջ մտնում են նաև նպատակային թայմ-աութները։ Ի դեպ, ընդդիմությանը հաջող որոշ փորձագետներ նման մարտավարության կոչ են հնչեցնում։

Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի, իսկ եթե ինչ-որ բան են ստորագրում, ապա.

1. Արցախի վերաբերյալ ձևակերպումներ պետք է գտնել, որ այն չճանաչենք Ադրբեջանի կազմում, իսկ կարգավիճակի հարցը սառեցվի,

2. Հայաստանի հաշվին տարածքային զիջումներ չլինեն:

Եթե սա է այսօրվա հավաքների հիմնական խնդիրն, ապա տրամաբանական կլինի այս ակցիաները համարվեն գործող իշխանության համար նախազգուշացում ու ժամանակավորապես թայմ-աութ վերցնվի, նաև կառավարությանը զգուշացնվի, որ եթե Ադրբեջանի պահանջներով փաստաթուղթ ստորագրելու համար քայլ կատարվի, ապա այդ ժամանակ ակցիաները կվերսկսվեն ու ցանկացած միջոցներով՝ սահմանադրական ու հակասահմանադրական, կառավարության հրաժարականին կհասնեն:

Այսինքն, այս ակցիաների իմաստը ոչ թե իշխանության համար պայքարն էր, այլ կառավարությանը թույլ չտալը հիշյալ կետերով պայմանագիր կնքել:

Կարծում եմ հիմա թայմ-աութ պետք է վերցվի: Դրանից հետո պետք է ոչ կուսակցական կազմկոմիտե ձևավորվի հետագա քաղաքականության ու գործողությունների մշակման համար»։

Դժվար է ասել շարժման ղեկավարներն ինչքանով ականջալուր կլինեն փորձագիտական այս կարծիքին, բայց եթե անգամ թայմ-աութի որոշում կայացվի, ապա դա ոչ թե շարժման մարման, այլ դրա ավելի հզոր շարունակությունը երաշխավորող ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման համար է արվելու։ 

Բայց ենթադրությունների փոխարեն սպասենք այսօրվա հանրահավաքին, մանավանդ, որ Իշխան Սաղաթելյանը դրան ինտրիգ է հաղորդել ասելով, թե կարեւոր գործ կա անելու։

Վահրամ Բագրատյան