Գործընթացի մեկնարկը տրված է. Երևանի նոր տերմինը

Գործընթացի մեկնարկը տրված է. Երևանի նոր տերմինը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն անվանել է «հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»։

Այս նոր տերմինը բովանդակային առումով ինչով է տարբերվում «խաղաղության պայմանագիր» տերմինից ցույց կտա ժամանակը։
Պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունը թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գործընթացի մանրամասների մասին, բայց եռակողմ հանդիպման մեկնարկին, Միրզոյանի ու Բայրամովի խոսքից հասկացվում էր, որ կողմերի միջև սկզբունքային հակասություններ կան։
Պաշտոնական Երեւանը վերջին շրջանում կոշտացնում է դիրքորոշումը, սակայն բարդ է ասել, թե որն է դրա մոտիվացիան Հայաստանի ներքաղաքական համատե՞քստը, թե՞ արտաքին քաղաքական գործոններ։

Ամեն դեպքում դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացի ֆորմալ մեկնարկը հաջորդ շաբաթավերջին արդեն տրվելու է։ 
«Ուզում եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հարցը: Կարծեմ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կա համաձայնություն, որ մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում տեղի կունենան կոմունիկացիաների հարցով քննարկումներ, կա պայմանավորվածություն, որ այնտեղ նույն օրերին կկազմակերպվի նաև սահմանազատման և սահմանային անվտանգության խնդրով երկկողմ հանդիպում»,- երեկ Դուշանբեում ասել է Միրզոյանը:

Ուշագրավ է, որ նման հանձնաժողովի ձևավորման շուրջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության էին եկել Բրյուսելում` Եվրախորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ, սակայն գործընթացի մոդեռատորությունն ակնհայտորեն ստանձնում է Մոսկվան։
Արդյո՞ք ԵՄ-ի ու ռուսական միջնորդությունները փոխլրացվում են, ինչին շատ դժվար է հավատալ Ռուսաստան- Արեւմուտք գլոբալ հակադրության համատեքստում, թե՞ Ռուսաստանի ու Արեւմուտքի հակադրությունը գործնական դրսեւորումներ է ստանում նաև մեր տարածաշրջանում։
Համաշխարհային տուրբուլենտության այս փուլում դժվար է գտնել նման բարդ հարցի պատասխանը։

Վահրամ Բագրատյան