Ընդդիմությունը մեկ խնդիր արդեն լուծել է

Ընդդիմությունը մեկ խնդիր արդեն լուծել է

Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե խաղաղության բանակցությունների սեղանին լինելու են միայն Բաքվի առաջարկները, սակայն դա հակասում է ձեռք բերված պայմանավորվածությանը, երեկ երեկոյան Հաագայում Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիդերլանդներում այս հանդիպման ընթացքում Փաշինյանը Ալիևի հետ վերջին հանդիպումից այլ մանրամասներ ևս գաղտնազերծել է։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։
Վերջին շրջանում պաշտոնական Երևանն ավելի նախաձեռնողական քաղաքականություն է վարում ԼՂ խնդրում, ավելի անկաշկանդ է արձագանքում Բաքվից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանությանը։ Դա տեսանելի էր նաև Փաշինյանի նիդեռլանդական այցի ժամանակ։
Ինչքան էլ իշխանությունը փորձի հերքել, ակնհայտ է, որ դա Երևանում ծավալով ընդդիմադիր շարժման, նրա օրակարգի, հնչեցվող պահանջների ուղղակի հետևանքն է։ Այս իմաստով՝ Ֆրանսիայի հրապարակն իրապես դարձել է օրակարգ թելադրող։

Շարժման հիմնական նպատակն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելն է, որովհետև փաստացի վարչապետն այլևս տապալել է ղարաբաղյան քաղաքականությունը, ինչն աղետաբեր հետևանքներ է ունեցել Հայաստանի ու Արցախի համար։ Բացի այդ, չկա որևէ երաշխիք, որ Փաշինյանը պարբերաբար չի փոխի դիրքորոշումը ԼՂ խնդրում, մանավանդ, որ նա արդեն հրապարակայնացրել է Արցախի կարգավիճակում «նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին։

Այսուհանդերձ, քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, ընդդիմության մարտավարական խնդիրն է՝ հնարավորինս ազդել նրա քաղաքականության վրա, բացառել նոր ռիսկերը՝ մինչև Հայաստանում ձևավորվի նոր իշխանություն։ Այս խնդիրն ընդդիմությունը, կարծես, արդեն լուծել է։

Վահրամ Բագրատյան