Ի՞նչ նպատակ ուներ Երևանի քաղաքապետարանի «պաշարումը»

Ի՞նչ նպատակ ուներ Երևանի քաղաքապետարանի «պաշարումը»

Ընդդիմադիրները երեկ շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի շենքը:

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց է, որ շրջափակում են շենքի բոլոր 4 մուտքերը, սակայն շենք չեն մտնում։

Վերջին հայտարարությունը հատկապես կարևոր է, որովհետև արձանագրում է ընդդիմության ակցիայի խաղաղ բնույթը, այն է՝ շենք գրավելու մտադրության բացակայությունը։

Ըստ այդմ, պետք է սթափ ու ճիշտ գնահատել ընդդիմության մարտավարությունը ու փորձել հասկանալ, թե նմանատիպ ակցիաներով ինչ նպատակ է հետապնդում ըննդդիմությունը։

Տեղեկատվական շիլաշփոթի մեջ շատ հաճախ ճիշտ չեն հասկացվում ընդդիմադիր շարժման նպատակները, խնդիրները, ըստ այդմ՝ ընդդիմությունը նման ցուցադրական ակցիաներով փորձում է յուրաքանչյուր քաղաքացու հասանելի դարձնել իր օրակարգը, մանավանդ, երբ իշխանության տոտալ մանիպուլյատիվ քարոզչությունը շատ դժվար է հաղթահարել ստանդարտ գործողություններով։

Ընդդիմության մյուս խնդիրը, որն ավելի կարևոր է, այն է, որ պետական ծառայողներին պետք է «ազատագրել» իշխանության ճնշումներից, մամլիչից։ Ի վերջո, ունենք դեպքեր, երբ Վանաձորի քաղաքապետարանում հանրային երկու ծառայողներ աշխատանքից ազատվել են միայն այն բանի պատճառով, որ ընդդիմադիր գրառումներ են արել կամ մասնակցել են ընդդիմության երթերին։ Նման իրավիճակում՝ ընդդիմության երեկվա ակցիան ուղղված էր պետական, հանրային ծառայողներին վախի կապանքներից ազատելուն, այնպիսի միջավայրի ստեղծմանը, որ պետական համակարգում աշխատող մարդիկ չվախենան իրենց վերադասի ապօրինի հրահանգները չկատարելուց, իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումները հայտնելուց։ Ահա, թե ինչ նպատակ ուներ Երևանի քաղաքապետարանի երեկվա «պաշարումը»։

Վահրամ Բագրատյան