Բաքուն օրակարգ է թելադրում, նաև՝ Հայաստանի քաղաքական կյանքում

Բաքուն օրակարգ է թելադրում, նաև՝ Հայաստանի քաղաքական կյանքում

Ադրբեջանի ԱԳ նախարարը երեկ բացահայտել է, թե ինչ սկզբունքներ է առաջ քաշել Երևանը խաղաղության բանակցություններ սկսելու համար:

Ըստ Բայրամովի, Երևանից ստացած փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից: Ընդգծվում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է համահունչ լինի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:

Մյուս կետում էլ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, հայկական կողմը նշել է, թե պատրաստ է բանակցել Բաքվի հետ և այդ հարցով դիմել է Մինսկի խմբի համանախագահներին:

«Եթե նայենք այդ փաստաթղթին, կտեսնենք, որ դրանք չեն կարող առաջարկներ կոչվել: Այդ փաստաթուղթը ներկայացվել է հայկական կողմի արձագանքի տեսքով Ադրբեջանի առաջարկներին: Ես կարող եմ թվարկել այդ 6 կետանոց արձագանքի որոշ կետեր և դուք էլ կարող եք եզրակացնել, թե որքանով կարելի է դրանք առաջարկներ համարել», - ասել է Բայրամովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարն, ըստ էության, հեգնել է հայկական օրակարգը ու տարակուսելի է, որ դա տեղի է ուենում այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը չի գաղտնազերծում իր վեց առաջարկությունները։ Ու այս համատեքստում ցավալի օրինաչափություն է, որ Բաքուն մեծացնում է իր հավակնությունների նշաձողը։

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը պնդել է, թե սահմանազատման հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկի նաև Տավուշում գտնվող Ղազախի շրջանի ադրբեջանական 7 անկլավային գյուղերը և Արարատի մարզի Քյարքին՝ Տիգրանաշենը, Ադրբեջանին վերադարձնելու հարցերը:

Պաշտոնական Երևանը Բաքվի այս պնդումներին արձագանքել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մակարդակով: Մարուքյանը պնդել է, որ հայկական կողմում չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Փոխարենը, ըստ Մարուքյանի, կան իրավական հիմնավորումներ, որ Հայաստանին են պատկանել Արծվաշենն ու մի շարք այլ տարածքների՝ այդ թվում՝ Սոթք-Խոզնավար հատվածում:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անհասկանալի քաղաքականություն է վարում, մի կողմից, թույլ տալով, որ պաշտոնական Բաքուն միանձնյա օրակարգ թելադրի խաղաղության բանակցություններում, մյուս կողմից` վտանգելով երկրի ներքաղաքական կայունությունն ու անվտանգությունը։

Երեկ Բաքվից հնչած «բացահայտումները», մի կողմից, բանակցային վտանգավոր համատեքստ են ձևավորում, մյուս կողմից` կարող են էլ ավելի շիկացնել Հայաստանի ներքաղաքական էսկալացիան։

Վահրամ Բագրատյան