Հայաստանը՝ երկիշխանության շեմին

Հայաստանը՝ երկիշխանության շեմին

Ֆրանսիայի հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հնչել է այս շարժման առանցքային հայտարարություններից մեկը։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում դիմել է դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը», - ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Սաղաթելյանը` հավելելով. «Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ»:
ԱԺ փոխխոսնակը հորդորել է դիվանագիտներին հայտնել սրա մասին իրենց մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ:
«Դիմադրության» շարժման կողմից հնչեցված այս հայտարարությունը խիստ օրինաչափ է՝ առնվազն երկու դիտանկյունից։ Մի կողմից, հենց երեկ Բաքվից հնչել են հերթական հայտարարությունները, որոնք վկայում են այն մասին, որ պաշտոնական Երևանն առաջիկայում պատրաստվում է հերթական միակողմանի զիջումների։ Ընդդիմությունը զգուշացնում է, որ չի ճանաչելու Փաշինյան- Ալիև նոր պայմանավորվածությունները ու այս հարթության վրա Սաղաթելյանի հայտարարությունն, ըստ էության, կանխարգելիչ նշանակություն ունի։
Մյուս կողմից, այս հայտարարությունն ավելի խորքային բաղադրիչ ունի։
Հայաստանում ըստ էության, ստեղծվել է երկիշխանություն։


Մի կողմից, ունենք անգործունակ իշխանություն՝ հասարակությունից օտարված, արտաքին հարաբերություններում՝ անօգնական, մյուս կողմից՝ ընդդիմադիր հարթակ, որն արդեն գրեթե մեկ ամիս է իրական օրակարգ է ձևավորում Հայաստանում։ Համաժողովրդական շարժումը մտնում է պայքարի նոր հանգրվան, որում ասելիք ունի նաև միջազգային հանրությունը։

Վահրամ Բագրատյան