Դատական համակարգը մնացել է Փաշինյանի «կոկորդին»

Դատական համակարգը մնացել է Փաշինյանի «կոկորդին»

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն օրերս դիմել է միջազգային կառույցներին՝ ՀՀ իշխանությունների կողմից դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումները կանխարգելելու խնդրանքով։

Ազարյանի այս հրապարակային դիմումի մոտիվն առավել քան հասկանալի է՝ երկրում քաղաքական ճգնաժամ է, որը հաղթահարելու փոխարեն՝ իշխանությունը դիմում է տոտալ ռեպրեսիաների։

Գոնե այս պահին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ամբողջովին գտնվում են Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո ու այդ իմաստով՝ լուծված է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց ձերբակալելու հարցը։ Պատահական չէ, որ ամեն օր մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մարդիկ են ձերբակալվում, բերման ենթարկվում։

Քննչական մարմինները նույն «ջանասիրությամբ» գործեր են կարում։ Ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ քրեական գործերը հասել են երկու տասնյակին ու արդեն կան ձերբակալվածներ, անգամ կալանավորվածներ։
Սակայն ռեպրեսիվ մեքենան չի կարող լիարժեք աշխատել, եթե չլինի դատական իշխանության «հավատարմությունը» Փաշինյանին։

Այս հարցը մնում է գործող իշխանության «աքիլլեսյան գարշապարը», որովհետև ոչ բոլոր դատավորներն են համաձայնում համբուրել իշխանության «խաչը» ու քիչ չեն դեպքերը, երբ ոստիկանության, քննչական մարմինների ապօրինությունները բախվում են դատական համակարգի դիմադրությանը, ինչի հետևանքով ընդդիմադիր մի շարք ակտիվիստներ չեն հայտնվում ճաղերի հետևում։

Ըստ ամենայնի, դատավորների միության նախագահը տեղյակ է իր գործընկերների նկատմամբ գործադրվող ճնշումների ծավալի, բնույթի մասին ու բարձրաձայնում է թեման՝ փորձելով ստանալ միջազգային կառույցների աջակցությունը։

Ազարյանի դիմումը լակմուսի թղթի էֆեկտ ունի ու բացահայտելու է, թե միջազգային կառույցների համար ինչքանով է գերակա ժողովրդավարությունն՝ այն անվիճարկելի գաղափա՞ր է, թե՞ կարող է ստորադասվել քաղաքական շահերին։

Վահրամ Բագրատյան