Փաշինյանը արժևորեց Պուտինին, սակայն քննադատեց ՀԱՊԿ-ին

Փաշինյանը արժևորեց Պուտինին, սակայն քննադատեց ՀԱՊԿ-ին

ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը երեկ քննադատել է ռազմական դաշինքին՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը պատշաճ չարձագանքելու համար։ «Անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը, միաժամանակ, բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի դերը Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցում։
Երեկ ՀԱՊԿ գագաթաժողովն ընդունել է նաև փաստաթուղթ։ ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարության տեքստում չկան ձևակերպումներ, որոնք կարող են ենթադրել կազմակերպության անդամների ուղղակի ներգրավում ուկրաինական պատերազմում կամ Ռուսաստան- Արևմուտք հակադրության մեջ։ Իհարկե, կա քննադատություն Ուկրաինայի հասցեին առանց նրա անունը նշելու։
Օրինակ, երբ նշվում է ՀԱՊԿ պատրաստակամությունը հակազդել «նազիզմի հերոսացման փորձերին» կամ, որ մտահոգություն է արտահայտվում «նազիզմի դեմ տարած հաղթանակի հետ ասոցացվող սիմվոլիկայի օրենսդրորեն արգելելու» վերաբերյալ, ակնհայտ է ակնարկներն ու քննադատությունն ուղղված են Ուկրաինային։

«Միակողմանի պատժամիջոցների» հետ կապված մտահոգությունն էլ ակնհայտորեն աջակցություն է Ռուսաստանին ընդդեմ Արեւմուտքի։
ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին փոխգործակցելու պատրաստակամություն է հայտնում, ինչը եթե նույնիսկ դեկլարատիվ բնույթ ունի, ՀԱՊԿ անդամ երկրներին մանևրելու որոշակի հնարավորություններ տալիս է։
Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է, երբ նշվում է ՀԱՊԿ հետեւողականությունը անդամ երկրների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը պահպանելու հարցում։
Արձանագրենք, որ ընդունված հայտարարությունը Հայաստանի համար իրավա-քաղաքական հիմքեր է ստեղծում` կազմակերպության ներսում Հայաստանի օկուպացված տարածքների հարցը բարձրացնելու համար։

Վահրամ Բագրատյան