ԵՄ-ն այսօրվանից ռուսական մի քանի բանկեր կանջատի միջբանկային SWIFT համակարգից

Եվրամիությունը հունիսի 14-ից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում, միջբանկային SWIFT համակարգից կանջատի ռուսական «Խնայբանկը, «Ռոսսելխոզբանկը» և «Մոսովյան կրեդիտային բանկը»:
Ֆինանսական կազմակերպությունները հայտնել են, որ այդ համակարգից անջատումն էական բացասական ազդեցություն չի ունենա իրենց աշխատանքի վրա, քանի որ իրենք նախապատրաստվել էին նման սցենարի:
Ռուսաստանում գործում է ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը, որը ստեղծել է Ռուսաստանի բանկը՝ ի պատասխան SWIFT-ից հնարավոր անջատման ռիսկի: SWIFT համակարգին միացած են աշխարհի տարբեր երկրների ավելի քան 11 հազար խոշորագույն բանկեր:
Մարտի սկզբին ԵՄ-ն արդեն ընդունել էր որոշում SWIFT-ից անջատելու «ՎՏԲ»-ն, «Ռոսիա» և «Օտկրիտիե» բանկերը, «Նովիկոմբանկը», «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» և «ВЭБ» պետական կորպորացիան:
Կրեմլում ավելի վաղ Արևմուտքի գործողություններն անվանել էին տնտեսական պատերազմ: