Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված. Մայր Աթոռը՝ Փաշազադեին

Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված. Մայր Աթոռը՝ Փաշազադեին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված և կատարել ոչ ճիշտ եզրահանգումներ։ Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Հայոց Հայրապետը երբևէ պատերազմի կոչ չի արել։ Նորին Սրբությունը մշտապես ընդգծել ու կարևորել է արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունը»,- ասված է հարցման պատասխանում:

MediaHub-ը հիշեցնում է, որ Փաշազադեն, մասնավորապես, դժգոհել էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այն հայտարարությունից, թե  հայ ժողովուրդը չի ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում:

«Կարծում եմ, որ Հայոց Կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնական գործչի համար։ Կրոնական գործիչները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն: Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է»,-  լրագրողներին ասել է Փաշազադեն։

Ուշագրավն այն է, որ Արցախի 75 տոկոսը օկուպացրած, հայկական եկեղեցիները ոչնչացնող Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նաև կեղծ հայտարարություն է արել, թե՝ «մենք բարեկամության կոչով դիմում ենք հայկական եկեղեցուն»: