Հանրահավաքով կհասկանանք՝ աջակցություն ու վստահություն ունենք, թե ոչ․ Սամվել Բաբայան

Հանրահավաքով կհասկանանք՝  աջակցություն ու վստահություն ունենք, թե ոչ․ Սամվել Բաբայան

Ստեղծված իրավիճակում ես 5 կետ եմ առաջարկել, որոնք հիմա մանրամասն չեմ ներկայացնի, դրանք հանրությունն ապագայում կլսի, երբ հանրահավաք իրականացնենք, որը շատ չի ուշանա։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

«Այո, հանրության մոտ կա պահանջ, կա ցանկություն Արցախում իրավիճակը փոխելու, ցանկացած գնով ճանապարհը կառուցելու։ Ասում եմ՝ տվեք ինձ 100 օր պետնախարարի պաշտոնում, որ արցախցիներին այս գերությունից ազատենք․ սա միակ տարբերակն է՝ հանրահավքներով իշխանությանը պահանջենք կատարել ժողովրդի ցանկությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այնպես չէ, որ այդ 5 կետերի իրագործմանը դեմ մարդիկ կան, բայց ես դրանք  տանը նստած կատարել չեմ կարող։ Ես պաշտոնի պահանջ չունեմ, ես նպատակ և հնարավորություն ունեմ ժողովրդին օգնելու, բայց այդ հնարավորությունը գործնականորեն իրագործելի կլինի, երբ ասածս նշանակումը կատարվի։ Ժողովուրդն է պահանջելու, եթե նախագահը չցանկանա այդ նշանակումն անել, իր խնդիրն է, բայց շարունակելու է վտանգել Արցախին ու արցախցիներին»,-ասաց Բաբայանը։ 

Հարցին, թե ինչ տրամադրվածություն է արցախցիների մոտ, արդյո՞ք նրանք պատրաստ են այդ փոփոխություններին՝ վերջինս պատասխանեց, որ հանրահավաքը ցույց կտա։

«Հիմա դեռ հանդիպումների փուլում ենք, շրջում ենք գյուղից գյուղ, Ստեփանակերտում ենք հանդիպումներ անցկացնում։ Այս ընթացքում էլ հասկացել ենք, որ ժողովուրդն էլ է մեզ վստահում, և սա ևս ապացույցն է այն բանի, որ այդ նշանակումը իմ ցանկությունը չէ, այլ հասարակության։ Շրջացերի ընթացքում այդ 5 կետերը ներկայացնում ենք մարդկանց, իրենց համար դրանք ընդունելի են։ Այո, կարծիքներ են լինում, թե առանց այդ պաշտոնի էլ կարող եք կատարել, խնդիրներ լուծել, բայց պետք է հասկանալ, որ մեզ թիմ է պետք, կազմ, որը պատրաստ է ցանկացած իրավիճակում  կողմնորոշվել, հեռու պահել նոր լարվածություններից։ Ընտրություններից հետո  քաղաքական պահանջները փոխվել են և նրանք, ովքեր հիմա առաջին կամ երկրորդ ուժ են համարվում, չունեն այն աջակցությունը, որը պետք է։ Մենք հանրահավաքով կհասկանանք՝ մենք ունե՞նք այս աջակցությունն ու վստահությունը, թե ոչ»,-շեշտեց նա։

Բաբայանն ընդգծեց, որ Արցախի նախագահ դառնալու մտադրություն չունի, սակայն իրեն պետք է հարթակ, որ կարողանա իրագործել այն 5 կետը, որ բխում է արցախցու շահերից։

Լիաննա Թորոսյան