ԱՆԻՖ-ի չարաշահումների մասով քրգործը կա, բայց մեղադրյալ ու հետապնդվող չկա․ քաղաքական հրահանգի՞ են սպասում 

ԱՆԻՖ-ի չարաշահումների մասով քրգործը կա, բայց մեղադրյալ ու հետապնդվող չկա․ քաղաքական հրահանգի՞ են սպասում 

Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից փառաբանված և գովազդված պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, տարիներ անց հայտնվելով չարաշահումների սկանդալի մեջ, այսօր փաստացի այլևս չի գործում։ 

ԱՆԻՖ-ը դե ֆակտո լուծարվել է, մնում է՝ դե յուրե լուծարելու հարցը լուծվի։ Իսկ մինչ այս մայիսին կառավարության կողմից ԱՆԻՖ-ի լուծարման որոշումը կայացնելը դեռ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլի 22-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը 2023 թվականի մայիսի 2-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ 2023 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված, այսինքն՝ իրենց տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում՝ նախաքննությունը համատեղ շարունակելու նպատակով: 

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, սակայն դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել: Եւ սա առնվազն տարօրինակ է, քանզի ԱՆԻՖ-ի կառավարման լիազորությունները տնօրինող էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, օրինակ, հայտնի «Սիներջի» ընկերության գործով հարուցված քրգործի շրջանակներում շատ արագ հայտնաբերվեցին մեղադրյալներ, այդ թվում՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալ Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության մի շարք աշխատակիցներ, որոնք հետո շատ արագ էլ հայտնվեցին ճաղերի հետևում՝ տևական ժամանակ անցկացնելով կալանավայրում։ Եւ միայն վերջերս նրանց մի մասը գործարքի գնալով իրավապահների հետ՝ ազատվեց քրեական հետապնդումից, իսկ Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքն էլ վերացվեց ավելի ուշ, թեպետ նա իրավապահների հետ գործարքի չի գնացել և մեղքը չի ընդունել, այսինքն՝ քրեական հետապնդումը նրա նկատմամբ շարունակվում է։ 

Ընդ որում, այս գործով առերևույթ կոռուպցիոն դրսևորումների, պետությանը հասցված վնասի չափն այդպես էլ չապացուցվեց, իսկ այ ԱՆԻՖ-ի դեպքում, երբ նույնիսկ Պետական վերահսկողական ծառայությունն էր այս տարվա սկզբին ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել, որ ԱՆԻՖ-ում միլիոնավոր դրամների աշխատավարձեր են տվել իրենք իրենց, որը եղել է խիստ անարդյունավետ, և ակնհայտ է, որ գործ ունեն չարաշահումների հետ, որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Այսինքն՝ չարաշահումը կա, վնասը կա, բայց մեղադրյալ չկա, որովհետև իրավապահները գործող անձանց իբրև թե չեն կարողանում հայտնաբերել։ 

Բայց ավելի շատ, հավանաբար, չեն ուզում, քանի որ, եթե սկսեն մեղադրյալներ հայտնաբերել, ապա այդ թելերը կարող է տանեն-հասցնեն մինչև Նիկոլ Փաշինյանի մերձավոր թիմակիցների դուռը։

Հետևաբար, Քննչական կոմիտեն այս իմաստով մի փոքր կաշկանդված կլինի գնալ և մերձիշխանական անձանց այս թեմայով հարցեր տալ, եթե, իհարկե, մի օր քաղաքական հրահանգ չստանա այս մասով, որ պետք է այս կամ այն թիմակցին «փուռը» տալ Քերոբյանի և մյուսների նման։ 

Վահե Մակարյան