Կարմիր գծերն էլի՞ կթանկացնեն․ ի՞նչ էր «բզբզում» փոխքաղաքապետը 

Կարմիր գծերն էլի՞ կթանկացնեն․ ի՞նչ էր «բզբզում» փոխքաղաքապետը 

Երեկ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ ճեպազրույցում MediaHub-ը նկատեց, որ «կարմիր գծերի» կտրուկ թանկացումից և տարեկան վճարը 160 հազար դրամ դարձնելուց հետո էլ առկա է քաղաքի բեռնաթափման խնդիրը։ Եւ կենտրոնում նույնիսկ ամենաթեթև ժամերին կարող է ժամերով պտտվես և այդ թանկացած «կարմիր գծերում» անգամ կանգնելու տեղ չգտնես։ 

Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ փոխքաղաքապետ Գրիգորյանը չբացառեց, որ հնարավոր է՝ գները վերանայեն և էլ ավելի թանկացնեն։

«Ես չեմ բացառում, որ Ձեր ասածը կարող է լինել, բայց էն, որ ընդհանուր առմամբ «կարմիր գծերը» բեռնաթափվել են առնվազն և կայանման տեղ ավելի հաճախ են մեր քաղաքացիները գտնում, դա միանշանակ է: Իսկ ձեր ասածը, որ արձանագրենք, միգուցե պետք ա որոշ հատվածներում գների վերանայման մասին խոսենք։ Եթե մենք մեր նպատակին էդ թանկացմամբ չենք հասել, միգուցե ավագանին տարվա վերջ կարող է վերանայել»,- ասաց նա։ 

Այսինքն՝ հնարավոր է ավելի՞ թանկանան, փոխքաղաքապետը չբացառեց․ «Դուք ասացիք, չէ՞, որ էդքան թանկացվեց, բայց մեկ ա՝ խնդրին չծառայեց։ Ես ասում եմ՝ տարբերակներից մեկը, որ կարող է քննարկվել տեսականորեն, գների էլ ավելի վերանայումն է կոնկրետ հատվածներում, գուցե նաև կայանման արգելքն է»։

Հիմա էլ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ընդունելով հանդերձ, որ իրենց «ռեֆորմը» նպատակին չի ծառայել, ասում է՝ կարող է վերանայեն և էլ ավելի թանկացնեն կայանման վճարը։ Այդպես լավ չէ, 160 հազարը մեկ միլիոն սարքեք, հետո՝ երկու միլիոն, հետո՝ երեք միլիոն, ու թող միայն օլիգարխները կարողանան վճարել և կայանել։ 

Եւ փոխքաղաքապետի այս հայտարարությունը երեկ աննկատ անցավ, ոչ ոք չանդրադրաձավ դրան, որ քաղաքային իշխանությունը կարող է մի քանի ամիս անց հերթական «նվերը» մատուցել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին՝ թանկացման տեսքով, բնականաբար։

Ուստի, MediaHub-ը հետաքրքրվեց քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, թե Սուրեն Գրիգորյանի՝ երեկ մեզ հետ ճեպազրույցում արտահայտած միտքը կայանման վճարի վերանայման մասով, որևէ առարկայական հիմք ունի՞, արդյոք քաղաքապատերանում նախապես քննարկում եղե՞լ է այդ մասով, որի հիման վրա էլ Գրիգորյանն այդպիսի պատասխան տվեց մեզ, թե՞ դա այդ պահին իր մտքին եկածն է եղել՝ որպես խնդրի հնարավոր լուծում։ Քաղաքապետարանից ասացին, թե փոխքաղաքապետի ասածը եղել է մեր ձևակերպած հարցին այդ պահին տրված պատասխան՝ որպես բարձրացված խնդրին հավանական տրվող լուծում, բայց այդ թեմայով քաղաքապետարանում առարկայական քննարկում չի եղել։ Բայց մենք կարծում ենք, որ եթե Սուրեն Գրիգորյանի մտքով անցել է այդպիսի բան, ապա մի օր կարող է դա էլ որոշեն կյանքի կոչել։ 

Վահե Մակարյան