Մարտական դիրքում ո՞նց կարող է ուսանողական ջոկատ գոյություն ունենալ․ Մանուկյանը՝ Քոչարյանին

Մարտական դիրքում ո՞նց կարող է ուսանողական ջոկատ գոյություն ունենալ․ Մանուկյանը՝ Քոչարյանին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների:

Պատգամավորի խոսքով` նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:

Ըստ ԱԺ-ում հրապարակված մամուլի հաղորդագրության՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձևավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:

Թեև հայտարարվում է, որ հանձնաժողովի անդամները դրական են արձագանքել այս գաղափարին, մենք պարզեցինք, որ ընդդիմությունն անգամ չի էլ լսել այս նախաձեռնության և առաջարկի մասին։

«Շոու է, այս իշխանության քաղաքականության շարունակությունը։ Չնայած նրանց ո՞ր ծրագիրն է կյանքի կոչվել, որ սա էլ կյանքի կոչվի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը զարմանքով է արձագանքում՝ մարտական դիրքում ո՞նց կարող է ուսանողական ջոկատ գոյություն ունենալ։

Արձագանքին, որ ըստ հաղորդագրության՝ որոշակի ինժեներական աշխատանքների պիտի մասնակցեն ուսանողները, Մանուկյանը պատասխանեց՝ ո՞նց կարող են որոշակի ինժեներական աշխատանքներ իրականացնել ուսանող տղաներն ու աղջիկները։

«Չգիտեմ՝ ում հետ է քննարկել այս հարցը, առնվազն մենք տեղյակ չենք»,- ասաց Մանուկյանը։

Նշենք, որ ըստ հաղորդագրության՝ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե՛ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների եւ թե՛ Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ՝ ստանալով վերջիններիս հավանությունը: Իսկ այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:

Նարե Գնունի