Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման իրական երաշխավորները

Այսօր ավարտվում են Նիկոլ Փաշինյանի «հյուրախաղերն» Ազգային ժողովում, որի ընթացքում, ընդամենը երկու օրվա մեջ, նա երկու անգամ ուրացավ հայ ժողովրդին ու հայոց պատմությունը։
Առաջինն այն հայտարարությունն էր, որ Սահմանադրության մեջից պետք է հանվի Անկախության հռչակագիրը, քանի որ, ըստ նրա, այդ հռչակագիրը Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է։ Իսկ ո՞րն է Փաշինյանի պատկերացմամբ այն դրույթը, որի առկայությունը Անկախության հռչակագրում հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության չգոյությանը։ Ակնհայտ է, որ նա նկատի ունի հատկապես 11-րդ կետը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։
Իհարկե, Փաշինյանի հայտարարությունն ինքնին նորություն չէր, սակայն այն Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացի շարունակությունն է։ Փաստենք, որ ներկայիս Թուրքիան «տեր» է կանգնում Օսմանյան Թուրքիային ու ձգտում է վերջինիս վրայից մաքրել այդ խարանը, իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարվում է Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված իր հայրենակիցներից։ Հայաստանի կողմից պաշտոնապես ցեղասպանության ուրացումը կհանգեցնի նրան, որ աշխարհն աստիճանաբար կդադարի Հայոց Ցեղասպանությունն ընդունել որպես փաստ, որովհետև եթե խնդրի հիմնական շահառուն այլևս պահանջատեր չէ, ապա ինքնաբերաբար մեղավոր կողմն արդարացվում է ու դառնում ճիշտ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը, այլև արդարացնում Թուրքիային։
Ազգային ժողովում հայ ժողովրդին ուրանալու հաջորդ դրվագն էլ Փաշինյանի այն պնդումն է, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժում չի կարող լինել։ Այս հայտարարությունը և՛ քաղաքական տգիտություն է, և՛ լիազորությունների գերազանցում։
Որևէ մեկը իրավունք չունի քաղաքացիներին թելադրելու, թե նրանք ինչպես մտածեն, ինչ շարժումներ ձևավորեն, ինչ նպատակներ ու երազանքներ հետապնդեն։ Հայ ժողովուրդը նրա ՔՊ-ական զանգվածը չէ, որոնց կարող է SMS-երով հրամայել, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունն իր թերթի խմբագրությունն է, որտեղ ժամանակին բոլորի վրա հիստերիկի պես ճվճվում էր։ Յուրաքանչյուր հասարակություն ինքն է սահմանում իր իրավունքների իրացման տարբերակները, իսկ շարժումներ ձևավորելը, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր անցկացնելը նրա սահմանադրական իրավունքն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 1988 թվականին Արցախյան առաջին շարժումը սկսելուց առաջ զանգել էին Մոսկվա ու Կենտկոմից թույտվություն ստացել, ապա դա խոսում է նրա քաղաքական տգիտության մասին։ Ինչպես այդ նույն տգիտության մասին է վկայում այն պարզ իրողությունը, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի ճանաչված ու ընդունված նորմ է։
Միաժամանակ և՛ քաղաքական տգիտություն, և՛ դավաճանություն է այն պնդումը, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը դառնում է անիմաստ ու այն պետք է լուծարել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչված չէր միայն կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները, նրա լիազորությունների շրջանակում էր նաև Արցախյան հիմնախնդիրը և եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն այդ խաղաղության պայմանագիրը, դա չի նշանակում, որ ինքնաբերաբար փակվում է նաև Արցախի հարցը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ալիևի ու Փաշինյանի ձգտումները ունեն մեկ նպատակ՝ փորձ անել Արցախի էջը փակելու նաև միջազգային հարթակում։
Եթե Ալիևի այդ ցանկությունը հասկանալի է, ապա ո՞րն է Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան։ Պատճառը չափազանց ակնհայտ է. նրա իշխանության երկարացման միակ երաշխավորները Ալիևն ու Էրդողանն են ու որքան Նիկոլ Փաշինյանը քծնի նրանց, այդքան հույս է առաջանում հեռվացնելու դատարանի առջև կանգնելու օրը, որն անխուսափելի գալու է։
Կարեն Կարապետյան