Եթե Փաշինյանը կարող է լինել վարչապետ, ապա ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը չբանակցի Պուտինի կամ Թրամփի հետ

Եթե Փաշինյանը կարող է լինել վարչապետ, ապա ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը չբանակցի Պուտինի կամ Թրամփի հետ

Այսօր Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ 2026 թվականին հնարավոր է իր թեկնածությունն առաջադրի վարչապետի պաշտոնում։ Վարդան Ղուկասյանի վարչապետ դառնալու ցանկությունը լիովին նորմալ է ու ամբողջովին տեղավորվում է հայաստանյան ներքաղաքական ներկա որակի տրամաբանության շրջանակներում։

Առհասարակ քաղաքականության ու նրան առնչվող մի շարք ոլորտների որակական հետևողական անկումը սկսվել է դեռևս շատ տարիներ առաջ, սակայն այսօր այն հասել է իր այլասերման պատմական մաքսիմում աստիճանին։ Եթե այսօրվա Ազգային ժողովը համեմատենք 1990 թվականի Գերագույն խորհրդի հետ, ապա կհասկանանք, որ այս խորհրդարանը պարզապես ապտակ է հասարակությանը, ամոթ ու խայտառակություն հայոց պատմության էջերում։ 

1990-91 թվականների իշխանությունը նույնպես, հարաբերականորեն կարելի է ասել, ձևավորվեց փողոցում, բայց այն ժամանակ պայքարը իշխանության բերեց հասարակության քաղաքականապես որակյալ հատվածին, իսկ 2018 թվականի «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» արդյունքում խորհրդարան թափանցեցին անկենսագիրները, անհայրենիքներն ու գաղափարազուրկները։

Այսօր այլևս քաղաքական «գործիչները» չեն գեներացնում ոչ մի գաղափար, չեն սահմանում ոչ մի նշաձող, չեն մատնանշում որևէ քաղաքական ուղեցույց։ Հոդված գրելը վաղուց դարձել է քաղաքական մոռացված գործիքակազմ ու պատճառն ամենևին էլ սոցցանցերը կամ հասարակական պահանջի ձևափոխումը չէ, այլ նույն քաղաքականությամբ զբաղվողների որակական ողբալի վիճակը։

Ցավով պետք է փաստել, որ Հայաստանում քաղաքականության մասին կա մեծամասամբ սխալ ընկալում։ Շատերի պատկերացմամբ՝ քաղաքականությունն ընդամենը խոսք ու զրույց է, որով կարելի է զբաղվել նաև աշխատանքից հետո։ Եվ հենց այդ մոլորությունն էլ հանդիսանում է մեր ոչ միայն այսօրվա, այլև պատմության խորքից եկող դժբախտությունների ու կորուստների պատճառներից մեկը։  

Մադգա Նեյմանը դեռևս 18-րդ դարում գրել էր, որ հայերը աշխատասեր, հյուրընկալ, ստեղծարար մարդիկ են, սակայն զուրկ են քաղաքական մտքից։ Դժբախտաբար այդ խոսքերում կա ճշմարտության հսկայական բաժին։ Այո, մեզ չի հաջողվում ձևավորել քաղաքական կայուն մշակույթ, ավանդույթներ, քաղաքական միտք ու պատճառներից մեկը թերևս այն է, որ մենք քաղաքականությանը չենք վերաբերվում իբրև հստակ գիտության, այլ ունենք մակերեսային, սիրողական մոտեցում, բայց միաժամանակ անզուսպ մղում՝ մուտք գործել հենց այն ոլորտ, որից թերևս ամենաքիչն ենք հասկանում։

Զորօրինակ բժիշկը կարող է իրեն թույլ տալ աշխատանքից հետո հայտնվել եթերներում ու խոսել թե՛ ներքին քաղաքականությունից, թե՛ աշխարհաքաղաքական թեմաներից ու խոսել այնպիսի համոզվածությամբ, որ կարող է շարժել նույնիսկ Քիսինջերի նախանձը։ Ցավալիորեն այսօրվա քաղաքականության որակների անկմանը զուգահեռ, ի հայտ է եկել մի այլ երևույթ նույնպես. որքան բանախոսն օգտագործում է էժանագին, երբեմն գռեհիկ բառապաշար, այդքան նրա հարցազրույցի դիտումները բարձր են լինում, ինչն էլ թույլ է տալիս սիրողական կամ ազատ ժամանակ քաղաքականությամբ զբաղվող նորելուկին իրեն երևակայել առաջնորդ։ Ու որքան նա գոտեպնդվում է այդ դիտումների քանակից, այդքան ամրանում է իր մոտ գիտակցությունը, որ ինքը իսկ և իսկ քաղաքական գործիչ է։

Սակայն իրեն ոչ մի հարգող ու լուրջ քաղաքական գործիչ, եթե նույնիսկ նա մասնագիտությամբ բժիշկ է, երբեք իրեն թույլ չի տա ազատ ժամանակ մտնել հիվանդանոց ու վիրահատել որևէ մեկի կույրաղիքը։ Որովհետև ունի պատասխանատվության այն հստակ գիտակցումը, որ որքան էլ նա նախնական մասնագիտությամբ բժիշկ է, այնուամենայնիվ վաղուց հեռացել է այդ ոլորտից ու իր սխալ միջամտությունը վիրահատության ժամանակ կարող է հանգեցնել աղետի։

Ասածից միանշանակ չի բխում, որ երբևէ բժիշկն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, սակայն դրա համար պետք է ոլորտի լուրջ ուսումնասիրություն, գիտելիքների կուտակում, կուսակցական փորձ, սկսած շարքային անդամից ու քաղաքականությանն ամբողջովին տրվելու ձգտում։ Հակառակ դեպքում փորձելով համատեղել այդ երկուսը, նա միանշանակ վարկաբեկելու է առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող քաղաքական դաշտը, իսկ իր հիվանդներից մեկը մի օր հնարավոր է, ժողովրդի լեզվով ասած, մնա սեղանին, քանի որ չի բացառվում, որ վիրահատության պահին իր միտքը զուգահեռ զբաղված լինի դիցուք ռուս-ուկրաինական հակամարտությամբ։

Հարգանքի բացակայությունը միմյանց աշխատանքի ու ամենակարևորը՝ ոլորտների հանդեպ թյուր ընկալումներն էլ հենց հանգեցնում են նրան, որ մեզ մոտ ձևավորվում է ամենագետների մի ստվար ու մարտնչող, ամբիցիոզ զանգված, որն էլ, թեկուզ ակամա, հանգեցնում է աղետի։

Քաղաքականությամբ սխալ ու մակերեսային զբաղվելը կարող է հանգեցնել այնպիսի ողբերգության, ինչիպսին կարող է լինել շինարարի կողմից սխալ կառուցված շենքի պարագայում։ Մի դեպքում կարող է փլուզվել շենքը, մյուս դեպքում՝ պետությունը։

Օրինակ, Նիկոլ Փաշինյանին թվաց, որ ինքը ամենափայլուն ձևով հասունացած է վարչապետ լինելու համար, արդյունքում կորցրեցինք Արցախը, փլուզվեց Հայաստանի Հանրապետության ողջ անվտանգային համակարգը, կանգնեցինք պետականության կորստի եզրին, մինչդեռ եթե չունենար չհիմնավորված նկրտումներ, հնարավոր է ոչ միայն զերծ մնայինք ներկայիս աղետներից, այլ ի դեմս իրեն ունենայինք հրաշալի խմբագիր ու լրագրող։

Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, հետևաբար եթե Նիկոլ Փաշինյանը կարող է լինել վարչապետ, իսկ մեր հարգարժան բժիշկներից մեկը հավակնել կաթողիկոսության, ապա ինչո՞ւ պետք է բացառություն լինի Վարդան Ղուկասյանը։

Կարեն Կարապետյան