Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնարկեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնարկեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր բյուջեի կատարողականը ու հիմնական զեկուցողը Նիկոլ Փաշինյանն էր։ Բնականաբար որևէ անհրաժեշտություն չկա առանձնապես կենտրոնանալու նրա նշած թվերի վրա, որովհետև դրանք վերջնարդյունքում չեն արտացոլում իրականությունը։ Խոսքը ոչ թե բյուջե մուտք եղած գումարների կեղծ լինելու մասին է, այլ իրական կյանքի հետ անհամապատասխանության։ Իսկ մարդիկ իրականության հետ առերեսվում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի ձեռքին գտնվող թղթերով, այլ սեփական կենսամակարդակի չափմամբ։

Նիկոլ Փաշինյանը որքան էլ ձգտում է անջրպետ առաջացնել «պատմական ու իրական» Հայաստանների միջև, իրականում հանրությանն է ներկայացնում ինչ-որ մտացածին Հայաստան, որում ապրում են թերևս միայն ինքն ու իր թիմակիցները։

Խոսելով տնտեսական աճի ու միլիարդավոր դոլարների մուտքերի մասին, Նիկոլ Փաշինյանը շրջանցում է այն պարզ իրականությունը, որ որքան «աճում է» ՀՀ տնտեսությունը, այդքան վատթարանում է ՀՀ քաղաքացու կյանքը։ Պարզ հետազոտությունը ցույց է տալիս, որ օրեցօր մեծացող գնաճի պայմաններում, աշխատաշուկայում աշխատավարձերի նվազման տենդենցը հստակ շարունակում է խորանալ։ Եթե մոտ 2-3 տարի առաջ որևէ աշխատանքի դիմաց վարձատրության միջին չափը կազմում էր 300 հազար դրամ, ապա այսօր այդ նույն աշխատանքի դիմաց սահմանված է 200 հազար դրամ առավելագույն աշխատավարձ։

Ընդ որում, աշխատավարձերի անկումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ գնաճը անխտիր տարածվում է բոլոր ոլորտների վրա։ Արդյունքում շեշտակի ավելանում է արտագաղթը, քանի որ մարդիկ Հայաստանից դուրս ապրելով նույնիսկ վարձով, ավելի հեշտ են կարողանում հոգալ իրենց ապրուստի միջոցները, քան Հայաստանում ապրելով իրենց սեփական տանը։

Սակայն ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի ոչ միայն շեշտադրումներն էին, այլև արտահայտություններն ու պաթետիզմը։ Օգտագործելով վաղուց մոռացված «ոչ բռնի ու թավշյա հեղափոխություն» արտահայտությունը, գրեթե հիստերիկ տոնով խոսելով «թալանի» վերադարձից, հայտարարելով քաղաքական վենդետայի «բացակայության» մասին, մեջբերելով ինչ-ինչ հեղափախական «արժեքներ», Նիկոլ Փաշինյանը պարզորոշ ցույց տվեց, որ Ազգային ժողովում ոչ թե քննարկվում էր պարզապես բյուջեի կատարողականը, այլ իր կողմից տրվեց Ազգային ժողովի գալիք ընտրությունների ՔՊ-ի քարոզչության մեկնարկը։

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այդպես էլ չդարձավ պետական գործիչ, այլ փողոցում պայքարող Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի աթոռին հասնելուց հետո էլ շարունակեց մնալ փողոցում։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ելույթ էր ունենում ճիշտ նույն տոնայնությամբ ու բառապաշարով, ինչ 2018 թվականին Ֆրանսիայի հրապարակում ու հենց դրանով էլ սահմանեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն իր թիմակիցները մինչև Ազգային ժողովի գալիք ընտրություններ։
Իհարկե բացի տնտեսական աղետից, որը Նիկոլ Փաշինյանն ընկալում է որպես տնտեսական աճ, նա շրջանցեց նաև այն ողջ իրականությունը, որին բախվել է մեր ժողովուրդը այդ հեղափոխական «արժեքներին» առերեսվելուց հետո։

Նրա համար Արցախի կորուստը պատմական արդարության վերականգնում է, քանի որ հենց ինքն էր զղջում, որ ժամանակին չի հայտարարել Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին, շուրջ 5 հազար զոհերը անիմաստ էին, Հայաստանի մասնատումն ու Ադրբեջանին նվիրաբերումը «խաղաղության խաչմերուկի» բաղկացուցիչ մասն է, ցեղասպանության ուրացումը «պատմական ու իրական Հայաստանների» դասակարգման գործընթաց է, իսկ մեր պետական արժեքներն ու խորհրդանիշներն էլ ինչ-որ սմայլիկներ։

Ինչ վերաբերում է արդարությանը, ապա Հայաստանում ամեն ինչ արդար է, քանի որ Նիկոլ Փաշինյանը գիտի մի պետության մասին (Ազգային ժողովում նա բերեց ինչ-որ երևակայական երկրի օրինակ), որտեղ մարդկանց գնդակահարում են, գլուխները մասնատում, իսկ Չինգիզ Խանի պճեղն էլ կախում տան պատից։ Ոչ, Հայաստանում նման բան չեն անում, պարզապես ՔՊ-ականները իրենց շահերը սպասարկող օլիգարխի բանկում ձևակերպում են խիստ շահավետ պայմաններով վարկեր ու կրկին իրենց շահերը սպասարկող կառուցապատողից ձեռք են բերում շուկայական արժեքից անհամեմատ էժան տներ ու քանի որ Չինգիզ Խանի պճեղը որևէ ՔՊ-ականի տանը չես գտնի, հետևաբար ամեն ինչ արդար է։

Իսկ ընդդիմադիրներին քրեական հետապնդումների ենթարկելն ու համայնքային ընտրություններում այլոց հաղթանակը խլելը ոչ թե վենդետա է, այլ «ժողովրդավարության բաստիոնի» ցցուն օրինակ, որովհետև վերջապես նրանց չեն գնդակահարում ու գլուխը մասնատում, ինչպես Նիկոլ Փաշինյանի իմացած երկրում է։

Կարեն Կարապետյան