ՀՀ պաշտպանության նախարարությունն աշխատանքի է հրավիրում փիլիսոփաների

ՀՀ պաշտպանության նախարարությունն աշխատանքի է հրավիրում փիլիսոփաների

Հայաստանի որոշ գերատեսչություններ սեփական թուլությունը քողարկելու գործում այնքան հեռուն են գնում, որ երբեմն ակամայից նույնանում են ադրբեջանական համապատասխան գերատեսչության հետ ու ստանձնում վերջիններիս պարտականությունները։ Խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարություններին։
Գրեթե ամեն օր տեղեկություններ են ստացվում, որ ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ է արձակում, սակայն այսօր ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սահակյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տվեց այնպիսի պատասխաններ, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այլևս անիմաստ դարձավ, քանի որ հայկական կողմը գրեթե հերքեց կրակոցների մասին տեղեկությունները, այսինքն արեց այն, ինչ պետք է աներ ադրբեջանական կողմը։ 

Սակայն էլ ավելի զավեշտ է, երբ ՊՆ փոխնախարարը լրագրողին ասում է. «Եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան...», այն դեպքում, երբ նույն օրը հենց իր ղեկավարած գերատեսչությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի Մշակույթի տունը:

Բայց ինչպես ասում են. «չկա չարիք, առանց բարիքի»։ Լրագրողների հետ ճեպազրույցը ցույց տվեց ՀՀ ՊՆ փոխնախարարի փիլիսոփայական մոտեցումները երևույթներին։ Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական զինուժի կրակոցները ոչ միայն խիստ սակավաթիվ են, այլև անհասցե։ Իսկ Խնածախի Մշակույթի տունն, իհարկե, թիրախ չէ, քանի որ՝ չկա մշակույթի նախարարություն, չկա նաև Մշակույթի տուն։ Բացի այդ, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները այսուհետ կարող են մխիթարվել այն մտքից, որ եթե, Աստված մի արասցե, հանկարծ զոհվեն, ապա դա ընդամենը որակվելու է անզգույշ սպանություն, գրեթե դժբախտ պատահար, որովհետև հայկական պաշտոնական կողմը վստահ է, որ ադրբեջանական զինուժը կրակում է անհասցե։

Իհարկե խիստ ուրախալի է, որ կառավարությունում աշխատում են փիլիսոփաներ, սակայն ցանկալի կլիներ, որ իրենք այդ Աստվածատուր շնորհքն օգտագործեին, ենթադրենք, ԿԳՄՍ նախարարությունում, քանի որ պաշտպանական ոլորտը պահանջում է խիստ պրագմատիկ մոտեցում, հստակ գնահատականներ ու կոշտ պատասխաններ այդ «անհասցե» կրակոցներին։

Կարեն Կարապետյան