Բացահայտվեց Խաչատուր Սուքիասյանի արցախցի ընկերը

Բացահայտվեց Խաչատուր Սուքիասյանի արցախցի ընկերը

Օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, որ 44-օրա պատերազմի ժամանակ արցախցիների մեծ մասը չեն կռվել ու որպես հիմնավորում, նշեց, որ այդ տեղեկությունն իրեն հայտնել են իր արցախցի ընկերները։

Իհարկե, ՔՊ-ական պատգամավորի այդ հայտարարությունը միանգամից տեղավորվեց արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնելու շրջանակներում, սակայն այսօր բացահայտվեց ոչ միայն Խաչատուր Սուքիասյանի ընկերը, այլև պարզվեց նման հայտարարության երկրորդ՝ ավելի հեռուն գնացող նկատակը։

Նահապետ Սարգսյան անուն-ազգանունով արցախցի երիտասարդը, որն այս օրերին խիստ ակտիվություն է ցուցաբերում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գրասենյակի առջև՝ մեկ առաջարկելով ուտել իր ոտքերը, մեկ ոչ ադեկվատ ու լկտի պահվածք ցուցաբերելով լրագրողների հանդեպ, այսօր նշեց, որ պատերազմի օրերին մեծ մասն Արցախից փախել են, իսկ Աննա Հակոբյանը՝ մնացել։

Խաչատուր Սուքիասյանի՝ այնուհետև իր «ընկերոջ» հայտարարության թիրախները շատ պարզ են, փորձ անել մաքրել Նիկոլ Փաշինյանի վրայից կապիտուլյանտի խարանը, իսկ Աննա Հակոբյանից կերտել մերօրյա Սոսե Մայրիկ։

Այն նույն ժամանակահատվածում, երբ արցախցիները «փախնում» էին Արցախից, Աննա Հակոբյանն իր «Էրատո» ջոկատով էգ վագրի պես նետվեց մարտի դաշտ ու սկսեց կատաղի հարվածներ հասցնել թշնամուն, բայց քանի որ բոլորն իրեն լքել էին, արցախցիները փախել էին, Հայաստանից բերված պահեստազորը՝ 11 հազարից ավելի մարդ, (Աննա Հակոբյանի նշած թիվն է) դասալքել էր, կանոնավոր բանակը տարբեր հրամանատարների «անգործության» պատճառով նահանջում էր, ապա «Էրատո» ջոկատը, որքան էլ «մարտնչում» էր վայրագորեն, այնուամենայնիվ ուժերի խիստ անհամաչափ լինելու պատճառով, վերջինն էր, որ պարտադրված հեռացավ ճակատամարտից ու իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանն այլևս այլ ելք չուներ, քան ստորագրելու խայտառակ կապիտուլյացիան։ Թող մնային կռվեին ու զորավիգ լինեին «Էրատո» ջոկատին (Ալեն Սիմոնյանի ականջը կանչի)։

Արդեն իսկ նշմարվում  է «իրական Հայաստանի» պատմության էջերում ուրվագծվող պատկերը։ Աննա Հակոբյանը մարտի դաշտում «հնձելով» թշնամուն, միաժամանակ արցունքն աչքերին հետևում էր, թե ինչպես են փախնում արցախցիները, ինչպես է փախնում հայկական բանակը, ինչպես է փախնում պահեստազորը, իսկ իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը գլուխը կախ, ինչպես վիրավոր արծիվ, նոյեմբերի 9-ին կրկին արցունքն աչքերին ստորագրում է կապիտուլյացիոն ակտը։

«Ի՞նչ անեին զույգ առաջնորդները՝ էգ ու որձ առյուծները, երբ բորենիների դեմ մնացել էին մենակ»,- կգրի ՔՊ-ական «պատմագիրը»։

Իհարկե, դատելով արցախցի երիտասարդի՝ Նահապետ Սարգսյանի խոսելաձևից ու մտահորիզոնից, նա այդ ամենը կարող է չնկալել, բայց այ իր ավագ «ընկերը»՝ Խաչատուր Սուքիասյանը շատ լավ է հասկանում բոլոր նպատակներն ու խոսքերի իրական ուժը ու չի բացառվում, որ հենց ինքն էլ շուտով հանդիսանա ՔՊ-ական «պատմագրի» ֆինանսական հովանավորը։

Կարեն Կարապետյան