Որ ավտոն տալիս են, էնտեղ էլ նստում եմ․ ինչի՞ց է վախենում ԲԴԽ նախագահը

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին այսօր լրագրողները Ազգային ժողովում հարցրին՝ ինչո՞ւ է անվտանգության աշխատակիցներով եկել խորհրդարան, ինչ-որ բանից վախենո՞ւմ է։

«Ընդհանրապես չեմ վախենում։ Ուրեմն ամեն պաշտոնյա էս երկրում, երբ որ ստանում է այդ հնարավորությունը, այդ պաշտպանությունը, դա որոշում է ոչ թե պաշտոնյան, այլ որոշում է պետությունը՝ իր որոշակի օրենքներով և կարգերով։ Ես, ի դժբախտություն կամ ի ուրախություն ինձ և ձեզ, զբաղեցնում եմ էնպիսի պաշտոն, որին ենթադրվում է կամ նախատեսվում է ունենալ պետական պահպանություն։ Եւ էդ պետական պահպանությունից չեմ հրաժարվել, որովհետև մենք էնպիսի աշխատանք ենք անում, որ կարող է առաջացնել որոշակի խնդիրներ։ Եւ հանուն մեր «խորհրդանշական» աթոռի մենք ստիպված ենք նաև ինչ-որ բեռ կրել։ Եթե ձեզ թվում է՝ անվտանգության ուղեկցումը մեծ հաճույք է, ձեզ տեղեկացնեմ, որ դա այդպես չէ»,- ասաց Անդրեասյանը։

Անդրադառնալով իրեն ուղեկցող մեքենաների՝ առկայծող փարոսիկներով ճանապարհ բացելուն` Կարեն Անդրեասյանն ասաց․ «Կներեք, բայց արդեն փարոսիկների թեմայի կարևորությունը ես չքննարկեմ, որովհետև փարոսիկներով զբաղվում են Պետական պահպանության ծառայությունը և դատական դեպարտամենտը, որովհետև իրենք են որոշում։ Ես, իմիջիայլոց, էդ մեքենայից, որից օգտվում եմ, երբեք ոչ մի րոպե ոչ մի անգամ ոչ մի նոր սարք դրան չեմ ավելացրել։ Ինչ տրամադրվել է ի սկզբանե, նստել եմ այդ մեքենան, ինչ ունեցել է այդ մեքենան, օգտվել եմ դրանից, և դրա օրինականություն-չօրինականությունը որոշում է դատական դեպարտամենտի մեր ղեկավարությունը։ Իրենք են որոշում․ որ ավտոն տալիս են, էնտեղ էլ նստում եմ»։

Դիտարկմանը, թե այդ ի՞նչ աշխատանքներ է կատարում, որ մի հատ էլ սպառնալիք պետք է լինի, Անդրեասյանը նեղսրտեց հարցից․  «Շատ լավ հարցեր եք տալիս, թե ինչ եմ արել, շուտով ձեզ բոլորը հատիկ-հատիկ կպատասխանի մեր Խորհուրդը և դեպարտամենտը՝ ինչ ենք արել։ Ես հաստատ 5-10 րոպեում ոտքի վրա էդպես չեմ ասի, մանավանդ Ձեր հարցի հեգնական և ծաղրական տոնայնությունից ելնելով, դրա համար էդ տեսակ հարցերին կպատասխանենք ինստիտուցիոնալ, կպատասխանենք ավելի խորքային։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, նորից եմ ասում՝ կարող եք ձեր հարցերն ուղղել պետական պահպանության մեր պրոֆեսիոնալներին, թե որ պաշտոնյան ինչ ռիսկայի գոտում է գտնվում»։

Մանրամասները՝ տեսանյութում