Ալեն Սիմոնյանը 1 մլն դրամ է պահանջում MediaHub-ից և Վահե Մակարյանից

Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում մի տեսակ հատուկ սևեռում ունի լրագրողների ու մեդիադաշտի, այդ թվում՝ MediaHub-ի և լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ, և պարբերաբար խոստանում է, որ դատական հայցեր է ներկայացնելու իր համար տհաճ հոդվածներ գրող լրագրողների դեմ՝ այդ կերպ հույս ունենալով լռեցնել նրանց։
Այսօր մենք Datalex.am տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ալեն Սիմոնյանը վերջապես կատարել է իր խոստումն ու դատական հայց է ներկայացրել MediaHub.am կայքի և լրագրողի դեմ։ Ալենի դժգոհությունը 29.01.2025 թվականին կայքում հրապարակված «Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը» վերտառությամբ հոդվածն է։
Ալեն Սիմոնյանը պահանջում է հերքել հոդվածում տեղ գտած որոշ ձևակերպումներ և իրեն վճարել 1 մլն դրամ գումար՝ որպես փոխհատուցում։ Դատարան մուտք արված հայցադիմումի մեջ, մասնավորապես, նշված է․ «Պարտավորեցնել «ՄԵԴԻԱՀԱԲ» ՍՊԸ-ին և Վահե Մերուժանի Մակարյանին հերքել 29․01․2025 թվականին «Mediahub.am» կայքում հրապարակված «․․․երեկ երեկոյան ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին՝ նրան նախատելով հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի վատթարացնելու մեջ», «Փաշինյանն ասել է, թե ․․․ Ալենը բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ այնպես է արտահայտվել Ռուսաստանի հասցեին, որ սա կարող է նորից լուրջ խնդիր առաջացնել երկու երկրների հարաբերություներում։ Ուստի, Փաշինյանը Սիմոնյանին կոշտ ձևով հրահանգել է՝ ամեն գնով շտկել իրավիճակն ու հերքել այս տեղեկությունները», «Ալեն Սիմոնյանը, որ մինչ այդ ԱԺ-ում ուրախ-զվարթ զբոսնում էր, իրար խառնված իր լրատվական բաժնին ու մամուլի խոսնակին գիշերվա կեսին հանձնարարել է հերքման տեքստ պատրաստել և ամբողջ մեղքը բարդել լրատվամիջոցի վրա», «Ալեն Սիմոնյանը նաև արժանացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի նախատինքին, քանզի նա ևս զայրացած է եղել Ալենի այս պահվածքից։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն իր մտերիմ թիմակիցներին պատմել է, որ իրեն է զանգահարել Գուրգեն Արսենյանն ու ասել՝ «մի բան արա, հերքիր մամուլի տեղեկություններն ու շտկիր իրավիճակը, հակառակ պարագայում՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն չի գա Հայաստան» արտահայտությունները»։
Նա նաև 1 մլն դրամ է պահանջում «ՄԵԴԻԱՀԱԲ» ՍՊԸ-ից և լրագրողից՝ որպես «զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, և միջնորդում է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանողների գույքի և դրամական միջոցների վրա:
Վահե Մակարյան